Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/40

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կաթը, կովը ցավով է լիզում կճղակները, լեզվով գետին թափում սպիտակ որդերը:

Աքարը հին է՝ անհիշելի ժամանակներից: Եվ այդ ժամանակներից էլ սովորույթ է մնացել հաճար ցանել ավազահողում, քլունգով փորել ոսպատեղը և կռացած, օրն ի բուն, ձեռքով պոկել ոսպի կարճ ցողունները, ոսպը ծեծել և ձմռան կարճ օրերին օրը երկու անգամ ոսպաճաշ ուտել կամ հաճարը ձավար անել, ձավարը մածնով ուտել:

Աքարն աղքատ է: Եվ եթե երկու տարի հողերը չվարեն, անտառն իր մեջ կառնի Աքարին, քամին լորենու սերմերը շաղ կտա, թռչունները կաղին 10 կտանեն կտուրների վրա, և հանգած թոնրի մեջ կաղինն իր արմատները կխրի: Եթե անտառը չլինի, սարից եկող հեղեղը մի գիշեր կսրբի Աքարը, քարերով կջարդի կուժ ու խնոցի, կխառնի իրար տուն ու մարագ: Հեղեղի երեսին հիվանդ կովի հետ միասին տաշեղի պես կլողան սպիտակ որդերը:

Ոչ հեղեղ է լինում, և ոչ էլ անտառն է սեղմում Աքարին: Հենց որ ոսպատեղում մի շիվ է բսնում, աքարեցու քլունգը շիվն արմատով է հանում և պահում այն հողը, որը լղար կովի պես ցամաք հյութ ունի:

Աքարի քառասուն ծխից մեկն էլ Հանեսի աղջիկ Շահանի ծուխն է: Թեկուզ Շահանն արդեն տարիքով է և ութը տարվա այրի, բայց նրան գյուղում 20 շարունակում են Հանեսի աղջիկ կանչել: Գուցե նրա համար, որ Շահանի ածխագործ ամուսինը տարին բոլոր անտառի խորքերում էր ապրում և երբեմն գիշերով տուն գալիս, երեսի մուրը լվանում, մինչև լուսաբաց Շահանի հետ գլուխը մի բարձի դնում, առավոտյան էլ բարձի վրա թողնում մի քանի արծաթ, մինչև նոր գալուստ: Եվ այդ կապից չորս տարվա ընթացքում երեք աղջիկ էր ծնվել, որոնց շեկությունը Շահանի ամուսնուն հիշեցնում էր իր մանկությունը, երբ դեռ ածխագործ չէր, գառան բուրդի պես մազեր ուներ գլխին:

Մի շաբաթ էլ ամուսինը չեկավ, և երբ Շահանն