Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/400

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որ գործարանի շաղախին քիչ քրտինք չեն խառնել և իրենք. նաև ինքը, և ահա այդ վաստակի փոխարեն «Սիմիստրոն» նրանց լույս է խոստացել։

— Է, բարով մնաս, քեռի Դավո։

— Բարով, բարով տեսանք։

Բակից ավելի փառահեղ էր Ցեմշինը։ Քեռի Դավոյի տան պատուհանից երևում էին միայն տների մի մասը և բլուրները, բայց չէր երևում վիթխարի ծխնելույզը, որից թանձր ծուխը բարդ-բարդ բարձրանում էր: Լսվում էին պայթյուններ և խուլ աղմուկ. երևի վագոնետների մեջ լցնում էին կրաքար։

Գյուղի նոր թաղով դառնում էի տուն։ Երկու կողմը միանման և մաքուր տներ էին, և յուրաքանչյուր տան զույգ պատուհանից լույսի բարակ շերտ էր ընկել նոր փողոցի վրա։ Եվ ինչպես մի նետ, այդ փողոցը ձգվում էր դեպի եղեգնուտը, և Զույգ լեռը կարծես փողոցի ծայրն էր:

Մուգ մանիշակագույն շղարշ էր նստել լեռան լանջերին, և նրանց ստորոտներն ընկղմվել էին շղարշի խավար ծալքերում: Բայց այնքան սպիտակ էր լեռան գագաթը, որ նույնիսկ այդ մութ շղարշի միջից ցոլում էր նրա սպիտակությունը, ինչպես անարատ մարմինը թափանցիկ քողի միջից։ Ոսկեղեն լուսինը, որ արևի նման էր, բայց առանց ճառագայթների,— լուսինը դողդողալով իջնում էր խոր անդունդի վրա։ Այն կողմերում հովիվները հրդեհել էին եղեգնուտը, և թվում էր, թե ծով է բռնկվել։ Այրվող եղեգնուտից բադերը կանչելով պտտվում էին իրենց կրակվող բների վրա։ Քամին բարձրանում էր, այրվող եղեգնի և խավարի մեջ նրանք նման էին հրաթև թռչունների։ Լեռը բարձր էր բոլորից, և նույնիսկ այդ հրդեհվող ծովը չէր լուսավորում նրա խավար լանջերը։

Մի տնից լսվեցին խուլ ձայներ, կարծես բազմաթիվ կանայք միաժամանակ և խմբով ասացին նույն բանը։ Պատուհանից երևաց սենյակի ներսը, որը հիշեցնում էր քեռի Դավոյի տունը, միայն չկային երեխաներ և տղամարդիկ։