Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/406

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հնձանի առաջ կողովների մեջ խաղող էր դարսած, ներսում՝ քարե տաշտի մեջ Դիլան դային խաղողն էր կոխ տալիս, և շիրան համեղ, արյան պես կարմիր, քարե տաշտից ծորում էր տակառների մեջ։ Այգում ոչ ոք չկար, մենակ էր աշխատում։ Ոտքերը մինչև սրունքները բաց, տրորում էր խաղողի ողկույզները, քթի տակ մի երգ մռմռում։

Շոգ էր հնձանում, քրտնքի կաթիլները գլորվում էին, կաթում շիրայի մեջ։ Երիտասարդ էր այն ժամանակ, երակներում էլ արյունը հոսում էր ջահել գինու պես։

Հանկարծ հնձանի դուռը կամացուկ ճռնչաց, Սոնան ներս մտավ, տեսավ նրան, ուզեց ետ դառնալ, բայց Դիլան դային տաշտից թռավ, դուռը դրեց։

Սոնան, տերտերանց հարսը, Սոնան՝ կարմիր հալավով, թևերին զրնգան սուրմեք, – ուզեց դուռը բաց անի։ – Կգան, բաղում մարդ կլինի, – ասաց, բայց Դիլան դային պինդ էր գրկել նրան։ Չիմացավ, գինու հոտից էր, թե հնձանն էր տաք, չիմացավ Դիլան դային։ Սոնայի ականջին փսփսաց, թե՝

– Անխիղճ, կարոտել եմ, էրված եմ…

Փսփսաց, կուռը ճտով պատ տվավ, պաչ արեց Սոնայի թշերից։ Այնքան դուրեկան էր շույը վեր չարած, նոր հագած կարմիր հալավի հոտը, այնքան տաք էր հնձանում…

Սոնան օձի պես կեռումեռ էր անում, աշխատում ազատվել նրա ձեռքից, խնդրում էր, խոստանում։

– Կգամ, գիշերով կգամ, – բայց Դիլան դային չէր թողնում։

Չթողեց, մինչև չթուլացավ, չկշտացավ… Երբ Սոնան դուրս եկավ հնձանից, Դիլան դային էլ տաշտին չմոտեցավ, խաղողը կոխ չտվեց։ Նրան թվաց, թե ամեն տեղ Սոնայի հալավի հոտը կա, տաք մարմին էր զգում։

Դիլան դային Սոնային վաղուց էր ցանկանում։ Ուզել էր, չէին տվել, տերտերանք հարուստ էին, ծնողները