Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/407

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նրանց կայքին էին աչք դրել։ Սոնան չէր ուզեցել գնա, հայրն սպառնացել էր։

Հարսանիքի գիշերը, պսակի տակ Սոնան այնքան էր լացել, աչքերը, խաղողի սև հատիկների պես աչքերն ուռել էին, կարմրել...

Հարսանիքից հետո Դիլան դային տեսել էր Սոնային, մի անգամ էլ բաղումն էր տեսել։ Կանգնեցրել օրն էր հարցրել, Սոնան ամաչկոտ պատասխան էր տվել ու հեռացել։ Սերը մնացել էր, և Դիլան դային հնձանում թե բաղում, վար անելիս թե լուսնյակ գիշերներին` խոտի դեզի վրա պառկած, մի միտք ուներ, մի ցանկություն, մոտիկ, մարմնին շատ մոտիկ ունենալ Սոնային:

Ինչո՞ւ եկավ հնձանը, գիտե՞ր, որ ինքն այդտեղ է, թե՞ պատահմամբ դուռը բաց արեց։ Դիլան դային մինչև վերջն էլ չիմացավ։

Մի երկու անգամ մոտեցավ, ուզեց խոսի, ուզեց սրտինն ասի, բայց Սոնան խույս տվեց։

— Թող, Դիլան, ճամփադ գնա...

Եվ էլ չտեսան: Սոնան շատ չապրեց, երեխայի վրա մեռավ: Դիլան դային ուրիշ աղջիկ ուզեց, բայց մտքի մեջ պինդ պահեց Սոնային, հնձանը, կարմիր հալավը և սուրմեքը զրնգան:

...Ջերմացնում էր աշնան արևը, Դիլան դային մտքի ծովն ընկած, լողում էր տաշեղի պես։

Գյուղի վերև գերեզմանատունն է։ Սոնայի գերեզմանաքարի վրա մամուռ կա, գրերը խանգարվել են, քարը խոնարհվել է, կիսով չափ թաղվել հողի մեջ։

Սոնային կարմիր հալավով թաղեցին։ Փտել էր կարմիր հալավն էլ, մախմուրի պես փափուկ մորթն էլ...

Գիշերով տուն գնաց, հայրը հարցրեց, թե ինչքան խաղող է կոխ տվել, չասեց, որ խաղողից ավելի լավ Սոնան էր, մարմինը` քաղցր մաճառ։

Տանը քունը չտարավ։ Պառկեց դեղի գլխին, նոր հարած խոտերի վրա: Լուսնյակ էր գիշերը, երկինքն առանց