Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/408

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ամպ, գիշերով հով էր փչում։ Խոտը բուրմունք ուներ, հազարավոր չորացած ծաղիկներ խոտի հետ բուրում էին, և նրան լուսնյակ գիշերին այնպես էր թվում, ասես այդ նույն դեզի վրա պառկել է Սոնան և խուրձերի մեջ թողել հալավի հոտը։

Լուսաբացին հալվեցին աստղերը, գունատվեց գիշերվա լազուրը։ Երբ ծաղիկներն արթնացան գիշերվա նիրհից, և ցողը գոհարներ շարեց ճերմակ թերթիկների վրա, արևի առաջին շողերի հետ իր բնում զարթնեց կաքավը։

— Կախ-կղա, շախ-կղա։

Արևածագին, գյուղի դիմաց հնձած արտերում կաքավն էր կարդում, իսկ մի քիչ վերև, անտառի մեջ կանչում էր միրհավը։

Դիլան դային վեր կացավ, կայծքարով հրացանն առավ և գնաց դեպի սարալանջերը, դեպի անտառը մոտակա, ուր միրհավն էր կանչում։

Սիրտ չուներ իջնելու ձորը, հնձանն այգում, բացելու ճռնչան դռնակը։

Քայլում էր Դիլան դային շաղոտ խոտերի միջով, հնձած արտերն էր կոխ տալիս, ծղոտները ոսկեգույն, արահետով բարձրանում, սարն ի վեր դեպի անտառը։

Արտերում դեռ չհավաքած խուրձեր կային։ Թուխպն իջնում էր սարից, լիզում գետինը, և թացություն էր կաթում թուխպից։ Արտերում չհավաքած խուրձերը ծլում էին, տաքանում:

Դիլան դային մոտեցավ մի դեզի, ձեռքը կոխեց խուրձերի մեջ, տաքություն զգաց։ Կեծացել էին խուրձերը, խոնավությունից հասկերը տմկել էին: Դիլան դային գիտեր` ում արտն է, կանգնեց դեզի մոտ, գլուխը շարժեց ափսոսանքով։

Երբ որ տերտերանց արտին հասավ, կանգնեց, հենվեց կայծքարով հրացանի վրա, միտք արեց։ Սոնան ամառը քաղհան է արել, կռացել է, մատները փուշը