Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/409

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ծակել է, հնձվորի համար ճաշ է բերել շալակով, քրտնել է արևի տակ, և քրտնքից շապիկը փակչել է լանջին: Լիներ, այնպես լիներ, որ ինքը հնձվոր լիներ, տերտերանց արտը հնձեր, և Սոնան ճաշ բերեր իրեն, շապիկը քրտներ և քրտնած նստեր կողքին։

Ետ նայեց Դիլան դային, եկած ճամփով ետ նայեց, ճամփին եկող չտեսավ։ Թփեր կային ճամփի վրա, տերևները դեղնած թփեր։ Կաքավը թփերի ետև կարդում էր.

— Կախկղա, շախ-կղա...

Դիլան դային զգույշ քայլերով, կռացած մոտեցավ թփերին։ Դեղին ծղոտների մեջ, հնձած արտում կաքավները հավաքում էին ընկած հատիկները, թափված հասկերը կտցահարում։ Մեկը չէր, շատ էր. թռչկոտում էին, գեր մարմինները շարժում օրորելով։ Գարնան ճուտեր էլ կային, արդեն մեծացել, թևավորվել էին։

Դիլան դային չոքեց, նշան բռնեց։ Մինչև քարը կայծ կտար, կաքավները թռան հեռու, պտույտ արին, իջան ուրիշ արտում։ Վեր կացավ, ճանապարհը շարունակեց։

Ճամփի եզրի թփերն ավելի էին շատանում, արտերի մեջ հատ ու կենտ կաղնիներ էին երևում` ծռված, կռացած: Վերջին արտերն էր կոխ տալիս։ Արահետը բարակեց, հալվեց անտառի բացուտում։

2

Անտառը ծանոթ էր նրան, գիտեր, թե որտեղ է սիրում միրհավը, ոսկեգույն փետուրներով միրհավը, բուն դնել, կանչել:

Անտառի մեջ մամռոտ ժայռեր կային, արջաբներ, քամուց ընկած դարավոր կաղնիներ, որոնց վրա սունկերը շարունակ էին բուսել, իսկ մամուռը պատել էր ճղներին, ասես արջի թաթեր լիներ։

Դիլան դային մամռոտ ժայռերին չհասած` դիմացից հրացանի ձայն լսեց։