Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/412

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

փնտրել էր երկար ժամանակ, Դիլան դային փորձել էր խլել շան բերանից, փախցրել էր միրհավին։

Դիլան դային նստեց քարի վրա։ Նոր միայն զգաց, թե ինչքան խիստ էին յասաուլի մտրակի հարվածները։ Մեջքի վրա ասես շիկացած շամփուրներով դաղել էին, աչքատակը տաքացել էր, կակղել ուռած խմորի պես:

Միտք արեց Դիլան դային և գոհ եղավ, որ յասաուլը հրացանը չի տեսել, կայծքարով հրացանը, քարի արանքում ընկած։ Թե չէ կտաներ, հետո կչարչարեր։

Արևը մայրամուտի ամպերի հետ էր խաղում, անտառում լռություն կար, միրհավը թռել էր հեռու։ Մամռոտ քարի վրա երկու փետուր կար ընկած, դեղնագույն, սև պուտերով, իսկ թփի չոր ճյուղերին` արյան կաթիլներ։

Դիլան դային ձորով իջավ ներքև։ Երբեմն երազ էր թվում միրհավն էլ, կաքավն էլ։ Բայց մրմնջում էին մտրակի տեղերը, աչքի տակ ցավ էր զգում, ոտքերում թեթև դող։ Սեղմել էր հրացանը, տաք էր կայծքարը` ինչպես մարմինը միրհավի, որին մի վայրկյան միայն մատների ծայրով շոշափեց, զգաց, որ տաք է, փափուկ բմբուլ։

Մարմինը միրհավի, տաք բմբուլ, մախմուրի պես, ինչպես Սոնան ներքև` հնձանում, սուրմեքը զրնգան և մարմինը սպիտակ։

Տուն չգնաց, ծանոթ ճամփով իջավ այգին, ճռնչաց հնձանի դռնակը, ներս մտավ, փռվեց բոյովը մեկ հատակի վրա։

Երբ առավոտյան արևի շողքը հնձանի դռնակի ճեղքով փայլեց ներսում, զարթնեց Դիլան դային, տրորեց աչքերը և աչքատակին ցավ զգաց։ Ուռուցքը չէր անցել:

Այդ օրը նա ավելի զայրացած էր կոխ տալիս սև խաղողը քարե տաշտում և չէր նկատում, թե ինչպես քրտինքը գլորվում էր, կաթում ջահել գինու մեջ։

3

Աշուն էր, պայծառ աշուն...

Նստել Էր Դիլան դային հնձանի առաջ, գլուխը կախ,