Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/413

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

միտք էր անում արևի տակ անցած-գնացած օրերի մասին։

Քանի՜ աշուն էր անցել այն օրից, համարք չունի։ Գիտե, որ զառամել է արդեն, քայլելիս հենվում է փայտին, աչքը հեռուն լավ չի տեսնում, առաջվա պես ականջը սուր չէ։

Հնձանի առաջ խոխոջելով առվակն էր հոսում, ջուրը գիշեր-ցերեկ աղմկում էր, ասես ինքն իրան թոնթորում էր, վաղուց մոռացված օրերը վերհիշում:

Միրհավ կար անտառում, թռավ արնակոլոլ, երկու փետուր թողեց մամռոտ քարին։ Միրհավի պես էր Սոնան՝ աչքերը խաղողի հատիկներ, տարիներ առաջ, մի արևոտ աշունքի, երբ Դիլան դայու ջլուտ ոտքերի տակ խաղողը քամվում էր, արնանման գինի դառնում։ Միրհավի պես թռավ Սոնան, ետքից թողեց աշունքվա հուշեր։

...Իրիկվա հովից խշշում էին տերևները սիմինդրի, չորացած տերևներն անհանգիստ խմբվում էին այս ու այն անկյունում, պտույտ անում, նորից ընկնում։