Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/415

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Հենց այդ օրը բանտից նոր էի դուրս եկել։ Տասնյոթ-տասնութ տարեկան երիտասարդ էի։ Այնքան եռանդ ունեի աշխատելու, այնպես համարձակ էի։ Եթե այդ եռանդը մնացած լինե՜ր...

Արահետը վերջացավ և անտառի խորքում խառնվեց ավելի լայն ու փափուկ ճանապարհի։ Ձիերը կանգ առան, խոր շնչեցին, շարունակեցին քայլել։

— Գիտես, երբեմն մարդու հիշողության մեջ մի դեմք այնպես է մեխվում, որ տասնյակ տարիներ հետո էլ հիշում ես նույնքան պայծառ, ասես երեկ ես տեսել։ Մարդ կորցնում է անունը, տեղն ու տարին, թե երբ է տեսել այդ գլուխը, աչքերը, մոռանում է մանրամասնությունը, մնում է միայն գլուխը, աչքերը, կարծես մանուկ օրերի առաջին տպավորությունն է:

Նա խոսում էր այնպես, ասես մտքի առաջ պարզ տեսնում էր անցած տարիների մի դեմք, մի զույգ աչքեր:

—Հիմա էլ շատ պարզ հիշում եմ այն գիշերը, երբ Ձորագյուղ եկա։ Հարկավոր էր քաղաքից հեռանալ, միառժամանակ չերևալ: Եվ ես սիրով ընդունեցի բարեկամիս առաջարկը` հեռու մի գյուղում ուսուցիչ լինել։ Երկու միտք ինձ ոգևորում էր։ Նախ որ ոչ մի աչք ինձ չի հետևի, հետքերս չի փնտրի, և երկրորդ գյուղում աշխատել։

Երբ որ դպրոցների տեսուչն ինձ պատմեց Ձորագյուղի մասին, թե տեղն անառիկ է, օդը լավ, կողքին մթին անտառներ, ես իսկույն համաձայնվեցի։ Կարծեմ նույն օրն էլ ճանապարհ ընկա։

...Ձմռան սկզբին էր, նոր էր ձյուն եկել։ Գիշեր էր, երբ հասանք արահետի, բաժանվեցինք անտառի ճանապարհից։ Լուսնյակի տակ շափաղ էր տալիս ձյունը, ասես սպիտակ մարմար լիներ։ Ձորագյուղի ձիապանը արահետի գլխից մատը մեկնեց հեռուն, ցույց տվավ.

— Հրեն է՜, մեր գյուղը...