Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/416

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Զյունի սպիտակության վերևից ես նշմարեցի փոքրիկ սև կետեր: Տներն էին, խոտի և աթարի դեզեր: Մի տան պատուհանից ճրագի աղոտ լույս էր երևում: Մի քիչ որ իջանք, լսելի եղավ շան կաղկանձոց:

— Էն մեր Բողարի ձայնն է,— ասաց ձիապանր: Զին էլ կարծես հասկացավ, որ գյուղը մոտ է, քայլերն ավելի արագացրեց:

Իսկ ես ուրիշ մտքեր ունեի: Ինձ թվում էր, թե շատ հեռու երկիր եմ գնում, որի մասին հեքիաթի պես պատմում էր աշխարագրության դաաատուն: Եվ տարօրինակ թվաց, որ և ոչ մի վագր կամ հովազ չերևաց անտառում:

Մանուկները հաճախ ցնորում են հեռավոր երկրների մասին, ուր կարմրամորթ մարդիկ են ապրում, ծառերի վրա գույնզգույն փետուրներով թռչուններ: Եվ երբ նրանք տնից մի քիչ հեռու են ընկնում, նրանց թվում է, թե շատ մոտ է ցնորքի այդ աշխարհը:

Ես էլ այդպես էի մտածում, թեկուզ արդեն պատանի էի: Երևի անտառն էր այդպես տրամադրում, ճյուղերին ձյունի հաստ շերտեր կամ քարաժայռերի տձև կերպարանքը: Առաջին անգամ Ձորագյուղ գալն իմ կյանքի լավ գիշերներից մեկը եղավ:

Ձիապանը հենց իրենց տունը տարավ ինձ: Ինչպես անուշ մրափեցի թոնրի մոտ, քուրսու վրա: Առավոտյան դեմ աչքս կիսաբաց արի, նայեցի երդիկին։ Ձմռան գիշերից մի քիչ դեռ կար: Նորից կոլոլվեցի վերմակում, ոտքերս կամացուկ կախեցի թոնրի տաք մոխրի վրա:

Ամաչեցի, երբ աչքերս բաց արի: Վաղուց զարթնել Էին մյուսները, սպասում էին ինձ, որ թոնիրը վառեն: Դուրս եկա, բակից տեսա գյուղը, գիշերվա ճանապարհը: Հավաբնի մոտ Բողարը մռռաց ինձ վրա: Նրա կաղկանձոցը ինչո՞ւ ինձ հիշեցրեց վագրին ու հովազին։

Այդ օրն էլ տեղավորեցին ինձ մի տան, որտեղ և պիտի ապրեի: Նահապետական վարքուբարքով մարդ էր