Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/420

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թեկուզ այն օրից տասներկու տարի է անցել, և այն էլ ի՜նչ տարիներ...

Ընկերս մի պահ լռեց: Ես նրա դեմքին տեսա երանության նույն ժպիտը, ինչպես առաջին անգամ, երբ մենք դեռ արահետով էինք բարձրանում։ Ասես աչքի առաջ տեսնում էր աղջկան, չոր ցախը ձեռին, ձյունոտ անտառը։

— Տեսա ու կանգնեցի,— դանդաղ շարունակեց նա։— Եվ թեպետ Անտոնն ասաց, թե ում աղջիկն է, ցախի են եկել, բայց ես լավ չլսեցի նրան: Հիշում եմ, որ մի անգամ էլ ետ նայեցի, երբ բացուտն անցանք և իջանք գյուղի կալերի մոտ։ Չգիտեմ՝ աղջիկը ժպտաց թե չէ, բայց ինձ այդպես թվաց։ Գլուխը խոնարհեց, ջարդեց ձեռքի ցախը։

Ես մեր պատշգամբից տեսա նրան ցախը շալակին։ Մեր հետքերով իջավ գյուղի կողմը։ Մոխրագույն շորեր ուներ, գլխին՝ տանը գործած բրդե շալ։ Օհան ապերը հարցնում էր ինձ մշահավի մասին, Աշոտը նրանց փետուրներն էր պոկում, ես կցկտուր պատասխան էի տալիս և պատշգամբից աչքի տակով հետևում, թե որ տունը պիտի մտնի ցախով աղջիկը։

Որքան մեծ եղավ իմ ուրախությունը, երբ մյուս օրն իմացա, որ նրա փոքր քույրը սովորում է դպրոցում:

Հենց այդ օրից էլ գլխին կարմիր շոր կապած աղջիկը, որ իմ քառասուն աշակերտներից մեկն էր մինչ այդ, ջոկվեց բոլորից և իմ աչքում դարձավ այն կետը,որի վրա ներքին հաճույքով էր կանգ առնում իմ աչքը:

Նրա անունը չգիտեի։ Դասի ժամանակ ես հարցրի քրոջը, որ տան անդամների անունն ասի։ Եվ որովհետև երկու քույր էին, դժվար չէր իմանալ, որ անտառում տեսածիս անունը Խոնարհ էր։ Մյուս աշակերտներն էլ մատ բարձրացրին իրենց տան մասին պատմելու և շատ զարմացան, երբ գրատախտակի վրա գումարումի մի նոր վարժություն գրեցի։