Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/422

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պատրվակով, այնպես՝ հեռվից հեռու, շատ անգամ իբր թե պատահաբար, ուրիշ խոսք մեջ բերելով։

Դժվար էր միշտ պատրվակ գտնել։ Հիշում եմ՝ երեք օր տեղեկություն չունեի, քաշվում էի հարցնել։ Հանկարծ գնար տանն ասեր... Չորրորդ օրը սովորականից շուտ եկա դպրոց, քույրը դեռ չէր եկել։

Կանգնել էր մուտքի դռան մոտ։ Աշակերտները վառարանի կողքին տաքանում էին։ Աչքս բլրակին էր։ Հանկարծ երևաց քույրը, տեսավ ինձ, կարծեց, թե հանդիմանում եմ դպրոց ուշանալու համար։ Քայլերն արագացրեց, ինձ որ հասավ, շնչակտուր ասաց.

— Խոնարհն արդեն վեր է կացել...

Հետո ես իմացա, որ նա դեռ չորս օր էլ պառկել է։ Աղջիկը սուտ է ասել, ինձ ուրախացնելու համար, կարծելով, որ ուշացել է, պիտի նախատեմ։

Բարեկենդանի մի օր տեսա Խոնարհին։ Մեր դիմացի կտրան աղջիկները խաղում էին, իրար ձյունով տալիս, երգեր ասում։ Շատերի ձեռքին խնձոր կար։ Նոր շորեր էին հագել՝ կարմիր, կապույտ, կանաչ։ Խոնարհն էլ նրանց մեջն էր։ Կարմիր չիթ էր հագին, երկար զոլերով։ Ձեռքերը պահել էր գոգնոցի տակ, կանգնել կտուրի ծայրին, նայում էր ավելի փոքրահասակ աղջիկների, որոնք կանչոցով, աղմուկով իրար հրմշտկում էին, վազվզում ։

Պատշգամբից ես նրան գունատ տեսա, մի քիչ նիհարած։ Նոր շորի մեջ նա ավելի բարձրահասակ թվաց, մեջքը բարակ, կապույտ գոգնոցի թելերը մեջքին հանգույց արած։ Պատահմամբ նայեց պատշգամբի կողմը, տեսավ ինձ, կտուրի ծայրից հեռացավ, խառնվեց աղջիկների խմբին։

Նորից տեսա Խոնարհի սպիտակ դեմքը, մանրիկ աչքերը։ Բարձրահասակ մի երեխա թվաց ինձ կարմիր շորերով աղջիկը, գլխին նույն բրդե շալը, ինչ որ առաջ: Տուն մտա չխանգարելու համար, որովհետև մյուս