Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/423

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

աղջիկներն էլ քչփչացին, փոքրահասակներից մի քանիսը, որոնք դպրոցում սովորում էին, գոգնոցով դեմքը ծածկեցին, պահվեցին մյուսների ետև։

Ի՜նչպես կուզենայի, որ պատը ճեղք ունենար, ճեղքից նայեի կտուրին: Օհան ապոր տան պատերը շատ ամուր էին, ներսից կրապատ...

* * *

Անտառն արդեն վերջացել, հալվել էր կանաչ մարգագետնի մեջ, որի վրա այս ու այն տեղ բուսած հատուկտոր թփերը ապացույց էին, թե ժամանակին մարգագետնի սևահողում կաղնին իր արմատներն էր խրել...

Մարգագետնի միջով թեթև սահանքով հոսում էր գետակը, որի ակունքները անտառի մթին ձորերի աղբյուրներն էին։ Դրա համար էլ գետակի երեսին կանաչ խոտի հետ լողում էր և հերվա կաղնու չոր տերև։

Ձիերը հոգնել էին։ Մարգագետնի կանաչը գրավում էր և՛ մեզ, և՛ նրանց։

— Իջնենք, ձիերը հանգստանան,— ասաց ընկերս։ Սանձի երկաթները ձիերը լեզվով դուրս հանեցին, ախորժով պոկեցին խոտի մի փունջ։ Գետակի ափին խստի վրա պառկեցինք։

— Օհան ապերը գրքեր շատ ուներ, հին գրքեր։ Մի կիրակի պատշգամբում նստած կարդում էի նրա հին գրքերից մեկը, սելջուկյան արշավանքների մասին։ Ձյունը դեռ չէր հալվել, բայց արևի ջերմությունն արդեն զգալ էր տալիս, որ գարունը հեռու չէ։ Այդպիսի օրերին կատուն էլ է հեռանում թոնրի տաք քարից և փռվում արևի տակ, աչքերը փակ մռռում։

Մեկը բարձրանում էր սանդուղքով։ Գլուխս վեր հանեցի, գիրքը ձեռքիս դողաց։ Կողքիս կանգնել էր Խոնարհը, մատներով խաղում էր գոգնոցի եզրի հետ: Երբեք նա ինձ այդքան մոտ չէր կանգնել։ Դրանից էր, որ գրքի տառերը շաղվեցին, տողերն իրար անցան։