Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/424

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Չգիտեի արև՞ն է այդպես քաղցր ջերմացնում, թե նրա ներկայությունը։

— Հայրս խնդրում է՝ մեր տուն գաս ճաշին։

Ինքս էլ չիմացա՝ ինչու կարդալս պատճառ բռնեցի, ասացի, որ չեմ գալու։ Խոնարհը ձեռքի արագ շարժումով գիրքս ծալեց ու ես դեռ ուշքի չեկած, բակից նորից ասաց հոր խնդիրը։

Չգնացի, բայց գիրքն էլ բաց չարի։ Անելիքս չգիտեի։ Փորձեցի տետրակներն ուղղել, տեսա, որ սխալ չեմ գտնում ամենից թույլ աշակերտի տետրակումն էլ: Ճաշին Օհան ապերը եկավ և մինչև իրիկուն համարյա միասին անցկացրինք։ Այդ օրը ես նրա հետ գոմն էլ գնացի, օգնեցի կովերին խոտ ու դարման տալու։

Չգիտեմ՝ Ձորագյուղում գարունն ամե՞ն տարի է այնքան սիրուն, ինչպես այն տարին։ Քարերն էլ էին շնչում գարնան բույրը։ Անտառի հազարավոր լորենիներն այնքան դուրեկան էին հոտում։ Գլխապտույտ էի զգում. երբ դասերից հետո պառկում էի անտառում, լորենիների տակ:

Ձորակներում հիմա էլ կան այգիներ։ Խնձորենու բողբոջներն ուռել, հասել էին։ Հարկավոր էր մի շաբաթ էլ տաք եղանակ, որպեսզի բողբոջների բաց կարմիր թերթերը բացվեին, ձորակները բուրային: Հեռվից ծաղկած ծառերի սպիտակ ճյուղերը ձյունով ծածկված էին երևում ասես գարունը ձյուն էր թափել ծառերի վրա, գունավոր և հոտավետ փաթիլներով ձյուն։

Գյուղի փողոցներից գարնան արևը աղբաջուրն էր գոլորշիացնում, կովերը ջրի գնալիս շլանում էին արևի լույսից, արջառները մնչում էին, հոտոտում, դեսուդեն վազում, ոտքերով թաց գետինը փորում, իրար պոզահարում: Եվ ի՜նչ դժկամությամբ էին ներս մտնում գոմի ցածլիկ դռնակներից։

Գարնան արև օրերը հիշեցնում էին ինձ, որ շուտով մայիսն է։ Դպրոցն արձակելուց հետո եկած արահետով