Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/427

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կար նրա աչքերում, թեկուզ տասնհինգ տարեկան էր, և ամուր կոճկած զգեստի տակ երևում էր հասուն կուրծքը։ Ինչո՞ւ, ինչո՞ւ այսքան պարզ ևս հիշում եմ նրա բարակ շրթունքները, բաց կարմիր, որպես նռան կլեպ։

Ընկերս մի պահ լռեց։ Ձեռքով տրորեց ճակատն ու աչքերը, ասես ուզում էր հեռացնի այն դեմքը, որ վաղուց անցած տարիներից այդպես պայծառ ժպտում էր։

Գարնան ջինջ երկնքի վրայով ամպի սպիտակ մի քուլա սահում էր նազանքով, ասես արար աշխարհին իր ճերմակ կողերն էր ցույց տալիս և հպարտանում, որ ինքը լողանում է արևի շողերի մեջ անհաս բարձունքում։

— Եկավ և վերջին օրը։ Դպրոցն արդեն արձակել էի, բաժանել հին տետրակները։ Վերադառնալու պատրաստություն էի տեսնում։ Օհան ապերն առավոտներն էլ շարական չէր կարդում, լուսաբացին այգին էր գնում, վարուցանքսի հոգս էր քաշում։

Բաժանվելը դժվար եղավ։ Տանն ընտելացել էին ինձ, ես դառել էի մտերիմ մարդ և՛ Օհան ապոր, և՛ Աշոտի, և՛ պառավ նանու համար։ Բակում ձիապանը իրերս էր բարձում ձիուն, նանին պայուսակի մեջ գաթա էր դարսում, սնդուկում պահած խնձոր ու տանձ։

Խոնարհին վաղուց չէի տեսել։ Ինձ թվում էր, թե ես նրան էլ չեմ տեսնելու։ Եվ մի անգամ էլ տեսնելու պահանջը ստիպեց ինձ արագ-արագ անցնել գյուղի փողոցներով, մի վայրկյան կանգնել նրանց դռան առաջ, բաց դռնով բակին նայել, գերանից կախած գզգզված մորթուն։

Խոնարհին բակում չտեսա։ Եթե մեկը խոսեցներ ինձ, գուցե լաց լինեի։ Փողոցում մարդ չկար, բոլորն աշխատանքի էին։ Արտերում քաղհանն էր սկսվել, հորովելի ձայն էր լսվում այս ու այն սարալանջից։ Մի տեղ աշունքվա մուգ-կանաչ արտերն էին, մի տեղ գարնան սև ցելը։

Օհան ապերը մի քանի խրատներ ասաց: Նրա բարի