Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/428

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


աչքերում արցունքներ տեսա, երբ կռացավ ու ճակատս համբուրեց։ Նանին ձիապանին պատվիրում էր ինձ լավ տանել, զգուշ մնալ, որ պայուսակը չընկնի, միևնույն ժամանակ գոգնոցով սրբում էր աչքերից ծլլացող արցունքը։

Անցանք փոքրիկ ձորակը, աղբյուրից առաջ ուռենու հաստ նովը, ուր ձմեռը կովերը ջուր էին խմում։ Ահա և Օհան ապոր այգու դռնակը։ Արագ բարձրացա ձորակով, դռնակը ճռնչաց, մոտեցա այգու կապույտ քարին: Ցանկապատի ետև մարդ չկար, այգում անդորր կար. ծաղկաթափ էին ծառերը, բողբոջների տեղ նշմարվում էին կանաչ մանրիկ պտուղներ։

Դպրոցի մոտ խմբվել էին երեխաները: Տեսան ինձ, իջան բլրակով; Ի՜նչ սրտանց և որպիսի միամիտ պարզությամբ նրանք մոտեցան, բարի ճանապարհ ասացին: Մի քանի հոգի ծաղիկներ էին քաղել. հենց որ մեկը ինձ մեկնեց ծաղիկը, մյուսներն էլ հետևեցին նրա օրինակին: Գիրկս ծաղկեփնջեր էր՝ զանազան ճաշակով կապած, իրար դարսած։

Աղջիկներից ոմանք լաց եղան։ Ժպտում էին, ժպտի հետ արցունքն էր թափվում, սրբում էին, բայց վարար աղբյուրի պես արցունքը նորից էր ծլլում: Լաց էր լինում և Խոնարհի քույրը։ Ինչո՞ւ ես նրա արցունքները ավելի հարազատ էի համարում։ Ինձ թվում էր, թե փոքրիկն արդեն հասկացել է, թե ինչու ձմռան օրերին ես հաճախ էի հարցնում քրոջ առողջության մասին:

Մեկը թե՝ «ուսուցիչ, մեզ չմոռանաս»: Լավ հիշում եմ Ճուտիկին, որ միշտ դպրոց էր գալիս հոր մեծ փափախը գլխին, երկար հնամաշ տրեխներով, որ հոր թողած ժառանգությունն էր։ Որբ էր ճուտիկը, լռիկ-մնջիկ մի երեխա, որին բոլորս էլ սիրում էինք։ Խմբի մեջ Ճուտիկն էլ կար, մյուսների պես մոտեցավ ձեռք տալու, տրեխի ծայրերն իրար դիպան, քիչ մնաց ընկներ։ Ճուտիկը փաթաթվեց ծնկներիս: Մեծ փափախի տակից տեսա նրա