Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/43

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

շեկ ծամերը: Օհանի կինը հավանեց Սանդուխտին: Նա տուն մտնելուց առաջ կալն ու մարագն էլ էր նայել:

Օրը շաբաթ էր, երբ Ղազախի Օհանը, տղան, Շահանն ու Սանդուխտը գնացին զագսում գրանցելու ակտը: Կալ ու մարագի վաճառման թուղթը նախորդ օրն էին պատրաստել:

Սանդուխտը նոր դեյրա ուներ: Երբ քամուց փռփռում էր դեյրայի տուտերը, սիրտն էլ հետը լայնանում էր: Բայց Օհանի տղին նայելիս իսկույն ընկնում էր հաճույքի ալիքը, ետ էր քաշվում, պատյանի մեջ մտնում, ինչպես խխունջի շոշափուկները: Մութ և անորոշ կասկած կար նրա սրտում, 10 կասկածի հետ և ուրախություն, որ մոր փեշից բռնած եկել է բավական ճամփա, Աքարը թողնելով անտառի ետև: Աշխարհն ինչ մեծ թվաց նրա համար, դիմացի սարերը մոտիկ:

Եվ եղավ անսպասելին: Բժիշկը ներս կանչեց Շահանին ու Սանդուխտին, աղջիկն ամաչկոտ շարժումով դեյրան հանեց, բժշկի աչքերն ակնոցի միջով տեսան վտիտ ուսերը, տափակ կուրծքը և ձյունի պես սպիտակ մարմինը: Շահանը փորձեց ստել, թե հասած է, տերտերն է սխալ գրել, Սանդուխտը հիվանդ է եղել, դրա համար էլ մարմինը չի հասել, բայց բժիշկն օրենքից էր խոսում և համոզում, որ աղջկա համար վատ կլինի:

Սանդուխտը հասկացավ և երբ կոճկեց դեյրան, չուստերը հագավ, մոր փեշից 20 բռնեց դուրս գնաց, տեսավ թե ինչպես բժիշկը օրորեց գլուխը։ Դռան մոտ Շահանը բարկացավ աղջկա վրա, որ փեշից է բռնում ծծկերի պես։

Ղազախի Օհանն օրենքի մասին լսեց, հոնքերը վեր քաշեց, մեկ էլ աչքերը փոքրացրեց։ Հենց այդ վայրկյանին նա որոշեց օրենքը զանց առնել, թռնել վրայով, որպես բարակ մի առու, կողպեք կախել Հանեսի աղջկա մարագի դռնից։

Ճանապարհին Սանդուխտն առաջից էր գնում, Շահանն ու Օհանը միասին, Օհանի տղան հետևից։ Ծանրաշարժ ու ծանրամիտ էր Օհանի տղան, ոսկորը պինդ։