Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/430

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Երբ որ ընկերս լռեց, ինձ թվաց, թե գետակը նույն հանգով է պատմում, խոսում նույն կերպ, ինչպես ընկերս, որ մեջքին ընկած, փակ աչքերը երկնքին, ասես անգիր ասում էր ծանոթ մի պատմություն՝ գրված Օհան ապոր հին գրքերում։

Վեր կացա, ձիուս թամբի կապերը թուլացրի։ Ձիերը հագեցել էին կանաչից, մեզ նման մեկնվել էին գարնան արևի տակ։

— Հետո տասներկու տարի... Եվ ի՜նչ տարիներ: Կռիվ, քաղց, երկրներ ու քաղաքներ, հազարավոր դեմքեր տարբեր ցեղից, անցքեր՝ մեկը քաղցր, մյուսը դառն հիշողության հետ կապված, և այդ ամենը որպես շարան՝ հյուսված անտես մի ձեռքով... Հաճախ էի մտաբերում նրա դեմքը, ցանկապատի փշերի արանքից, երկու մանրիկ աչքեր, որպես սև ձիթապտուղ և բարակ, կարմիր շրթունքներ...

Մի վայրկյան լռությունից հետո հանկարծ ընկերս կողքին դարձավ, վիզը մի քիչ ձգեց, աչքերն ավելի մեծացան։

— Գիտե՞ս՝ ես Խոնարհին տեսա...

— Ե՞րբ:

— Երեկ։ Վերին գյուղում։ Դու քնել էիր, դպրոցի բակում գյուղացիները հավաքվեցին։ Խոսեցինք հողի մասին, գանգատվում էին, որ հողն առաջվա բերքը չի տալիս։ Այս տարվա ժանտախտից էին խոսում։ Շատ կովեր են սատկել, ոմանք գարնան ցելի եզ էլ չունեն: Նպաստ խնդրեցին: Հետո մոտեցավ մի կին, ցնցոտիների մեջ, ոտքերը բոբիկ, ոտքի կաշին ճաքճքած։ Կնոջ փեշերից կախվել էին երեք երեխա' տկլոր, պորտը բաց։ Մեկը մատը բերանում նայում էր մերթ ինձ, մերթ մորը։

Կինը արցունքն աչքերին չորս փութ ցորեն էր խնդրում մինչև հունձը։

— Հետո մի ճար կլինի...