Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/434

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սաբու գյուղում թուրքեր են ապրում։ Եվ որովհետև աղանդավոր են, հնում միշտ էլ հալածել են նրանց, ծաղր ու ծանակի ենթարկել։ Սաբուն քաշվել է իր պատյանի մեջ և պինդ փակչել հին հավատքին։ Տարիներ շարունակ ուրիշ նոր խոսք չեն ասել գյուղում, թավուտները մնացել են սաղարթախիտ, արևի շողը չի թափանցել խորքի ստվերուտը, փտել են ընկած գերանները, հողի հետ բորբոսնել է գերան ու տերև:

Սաբուն մազ չի խուզում. բեղ ու միրուք կտրելը համարում են մահացու մեղք։ Դրա համար էլ մարդիկ երկար-մորուս են, մազոտ։ Մազ է բսնում այտոսկրների վրա, ականջի խոռոչներում։ Ճակատի մազերը կախվում են մինչև ունքերը. ճակատը չի երևում։ Ծիծեռնակի թևի պես սև միրուքներ ունեն, բեղ ու միրուք խառնված իրար։ Եվ ժպտալիս, երբ շրթունքները ետ են քաշվում, բացվում են սադափե ատամները, գույնը նույնքան վճիտ, ինչպես աղբյուրի ջուր։

Սաբուն մռայլ է, անտառն է նրանց վարժեցրել ունքերը կախ լինել, սրածայր կացնի կոթից պինդ բռնած ման գալ ծառերի տակ։ Կացնով կարելի է ոչ միայն գերան կտրել, այլև արջի գանգը ջարդել, առասպել Գեուշի պես։

Խուսափում են ուրիշ գյուղից աղջիկ ուզել։ Շատ հազվագյուտ դեպքում են ուրիշները համաձայնվում աղջիկ տալ Սաբուին, որովհետև աղանդը գաղտնի ծեսեր ունի, որոնց մասին հարևան գյուղերը հազար ու մի պատմություն են պատմում։ Եվ քանի որ ծեսը կատարում են այն ժամանակ, երբ գյուղում օտար մարդ չկա, դրա համար էլ ճշգրիտ ինչ շատ քչերը գիտեն, թեկուզ ոմանք պնդում են, որ իրենք այդ ծեսերին ականատես են եղել։

Սկզբում Սաբու գյուղում ընդունված սովորույթ է եղել, որ մի կին մի քանի մարդու հետ ապրի, բայց Իրանից եկել է աղանդի մեծը և հայտարարել, որ