Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/435

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մարգարեն այլևս նման ծես չի ընդունում։ Այդ վաղուց է եղել, թեկուզ հիմա էլ շատերը ասում են, որ Սաբու գյուղում մոխրի տակ թաղված կրակի պես այդ ծեսը մխում է։

Կա մի գիշեր, երբ ոչ լուսնյակ է երևում եկնքում, ոչ աստղեր։ Ամպ է իջնում անտառների վրա, ձորակներով սողում մինչև գյուղը, ծխի պես փաթաթում տուն ու մարագ։ Այդ գիշեր ամպի հետ գազաններն էլ անցնում են գյուղի փողոցներով։ Արջը թաթն է կոխում թրիքով ծեփած քթոցի մեջ, մեղրը լիզում, գայլը գառան դմակն է հոշոտում և ծծում տաք արյուն։ Շներն իզուր են կաղկանձում և թաքնվում դեզերի գլխին։

Այդ գիշեր Սաբու գյուղի երեխաները գլուխները կոխում են բարձի տակ, ոմանք լաց են լինում։ Եթե լույս լիներ, Սաբու գյուղի աղջիկներին ու կանանց կարելի էր տեսնել աղոթատան կտուրի վրա, իրար մոտ կանգնած, որպես գայլից խրտնած հոտ։

Ներսում խավարի մեջ մի քանի հոգի մեռելի վրա լացող կանանց պես աղիողորմ հեծկլտում են, արաբերեն բառեր աաում, աղոթքներ կարդում։ Ամեն մի երգից հետո մութի մեջ ձգվում են հարյուրավոր մազոտ ձեռքեր դեպի երդիկը, վերից մի կին շոր է ձգում ներքև՝ հագի շորից, գլխի շալը, գունավոր գոտին։ Աշխատում են շորը բռնել, և ում բաժին ընկավ շալն ու գոտին, աղոթքից հետո մինչև լուսաբաց շալի տերը իրն է։ Գիշերով անտառ են գնում, լուսնյակ չկա, ոչ էլ աստղալույս։

Ամպը բամբակի վերմակ է հնօրյա աղանդի համար...

2

Կար ժամանակ, երբ Արաքսի ափին կազակ սպան էր պահակապետ։ Եվ երբ գետի մյուս ափին երևում էր ոտից մինչև գլուխ կանաչ հագած սեյիդը, այս ափին Սաբու գյուղի չքավորներն առաջուց տեսած էին լինում պահակապետին։