Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/436

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Սեյիդն անցնում էր սահմանը, նրա մետաքս զգեստի փեշերին Արաքսը պղտոր կաթիլներ էր ցողում, երբ ձին ոտները թիակներ շինած ճեղքում էր գետը։ Կազակը քթի տակ ժպտալով նայում էր այդ տեսարանին։ Հենց այդ նույն գիշեր Սաբու գյուղի տված փողը նա պիտի վերածեր օղու բազմաթիվ շիշերի։

Երբ Արաքսը ջուր էր ցայտում մարգարեի ժառանգի փեշերին, իսկ ձիավորները արաբերեն աղոթք էին կարդում, Սաբու գյուղում մանկամարդ մի աղջիկ տորքի առաջ գորգ էր գործում։ Բարակ ծամեր ուներ աղջիկը, ծամերի ծայրից զանգուլակներ կար կախ։

Աղջիկը գլուխը աջ ու ձախ էր դարձնում, դեղնած մատներով բռնում գունավոր թելերից և ճարպիկ շարժումով թելը թելին հագցնում, հանգույցներ անում կտրած թելերը, ապա երկար սանրով կոփում հանգույցներին։ Ասես սարդն էր ոստայն հյուսում տորքի վրա։

Դարսվում էին իրար վրա հանգույցները, նախշեր էր ստացվում, տերևներ, նռան ճյուղեր, տերևի կողքին երկու թև, որ աղջկան երգող թռչուն էր թվում։ Ամեն անգամ, երբ սանրով զարկում էր հյուսածին, շարժվում էին գույնզգույն կծիկները, զրնգում էին ծամերի ծայրից կախ արած զանգուլակները։

Թվում էր, թե տորքի վրա սպիտակ քաթան է փռած, նիհար մի աղջիկ իր գլխից նախշեր է հորինում, մատներով նկարում։ Եվ ամեն նախշ աղջկա մի միտքն էր, թաքուն պահած միտքը, որի մասին Սաբու գյուղում ոչ ոք չպիտի իմանար։

Երբ ձիավորներն անցան փողոցով, շները հաչեցին կանաչ աբայի վրա։ Աղջիկը գլուխը թեքեց, սեյիդը տեսավ խալին էլ, տորքի առաջ նստած աղջկան էլ։ Նրան թվաց, թե աղջիկն էլ գունավոր մի նախշ է խալու վրա։

Այդ տարին էլ եղավ մթին գիշեր, Սաբուն թաղվեց անտառի մեջ։ Եվ երբ մութ սենյակում աղոթքի առաջին երգը դադարեց, կանաչ աբայի երկու թևը ձգվեցին