Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/438

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մյուս ափին Իրանի լերկ ապառաժներն են, արևից խանձված տափարակներ։ Գյուղերը կանաչ օազների պես են երևում, ժայռերից կախված պարտեզներ, բարակ առուներ են հոսում պարտեզների միջով և ավազ խառնում Արաքսի պղտոր ջրին։

Վերին գյուղում մի պառավ կին առվի ջրում մաշված խալի ու կարպետ լվանալիս, ձեռքը ճակատին դրած, նայում է հեռուն, ուր անտառների մեջ պահված է հայրենի Սաբուն։

Խունացած գորգի նախշերը առվի ջրում հանկարծ պայծառանում են, և պառավին այնպես է թվում, թե ծամերի ծայրին զանգուլակներ են կախ։