Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/440

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


պես կեռ, մագիլները՝ սրածայր նիզակներ, փետուրները որպես պողպատե զրահ։

Կաքավաբերդի բարձունքի միակ ծաղիկը ալպիական մանուշակն է, ցողունը կաքավի ոտքի պես կարմիր, ծաղիկը ծիրանի գույն։ Քարերի մոտ է բսնում ալպիական մանուշակը, պարիսպների տակ։ Արևից տաքանում են քարերը, և երբ ամպերը ծածկում են քար ու պարիսպ, մանուշակը թեքվում է, գլուխը քարին հենում։ Ծաղկափոշու մեջ թաթախված գունավոր բզեզին մանուշակի օրորալը ճոճք է թվում, աշխարհը ծիրանագույն բուրաստան:

Ներքև, ձորում, Բասուտա գետի մյուս ափին, քարաժայռերի վրա թառել են մի քանի տներ։ Առավոտյան ծուխ է ելնում երդիկներից, ձգվում կապույտ երիզի պես և վերևում հալվում ամպերի մեջ։ Շոգ կեսօրին գյուղից աքլորը կանչում է, ծոր տալիս որպես բայաթի, աքլորի կանչի հետ պառավ մի շինական, աչքերը ջրակալած, տան ստվերում հորանջում է, ձեռնափայտով ավազի վրա նշաններ գծում, ավերում, նշանների հետ էլ փորփորում գլխով անցածը, մի դեպքից մյուսին թռնում, ժայռից ժայռ ցատկող քարայծի պես։

Գյուղում էլ, բերդի գլխին էլ, ժամանակը սահում է դանդաղ, տարիները նույն ծառի հազարավոր տերևներն են, իրար նման։ Դրա համար էլ խառնվում է ծերունու հիշողությունը։ Գետը նույնպես էր աղմկում առաջ, ինչպես հիմա, գյուղի գլխին անանց անտառներ տեսավ, երբ առաջին անգամ գյուղի ծայրին հասավ։ Պապն էլ է ապրել նույն քարի գլխին, ինչպես ինքը։

Եվ դեռ քանի՜ սերունդ պիտի ապրի Բասուտա գետի մոտ, կարկատած թաղիքներ պիտի փռեն ցախերի վրա, եղեգնով պատեն վրանները և ամեն գարնան, երբ Կաքավաբերդի լանջին բացվի ալպիական մանուշակը, այծ ու ոչխարը տանեն պահելու Կաքավաբերդի լանջերին, պարկը պանրով լցնեն ու ձմռան օրերին կորեկ հացի հետ ուտեն այծի պանիր։