Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/442

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


անկյուն, մամռապատ մի քար, որպեսզի թղթի վրա մատիտի վարժ շարժումով նկարեր այն, ինչ տեսնում էին նրա աչքերը։

Առաջին ձիավորը հնագետ էր, երկրորդը՝ նկարիչ։

Վրաններին երբ հասան, շները հարձակվեցին ձիավորների վրա։ Շների ձայնին մի քանի հոգի դուրս եկան վրաններից, նայեցին նրանց։ Մոխրի մեջ խաղացող երեխաները տեսան, թե ինչպես շները հաչելով մոտենում էին ձիերին, պոչի մազերից քաշում: Երրորդ ձիավորն իզուր էր աջ ու ձախ մտրակներով փորձում շներին հեռացնել: Շները հաչոցով ուղեկից եղան ձիավորներին մինչև բերդի պարիսպների մոտ, հետո իրար հետ խաղալով վերադարձան։

Կաքավաբերդի քարերը ասես կենդանացել ու խոսում էին հնագետի հետ։ Նա մոտենում էր այս ու այն քարին, կռանում, նայում, չափում, ինչ-որ գրում, ոտքով հողի փլվածքը փորում, բաց անում հողի տակ թաղված տաշած քարի ծայրը։ Բարձրացավ պարսպի վրա, գլուխը դուրս հանեց բուրգի դիտարանից և ի՜նչքան բարձր կանչեց, երբ բուրգի անկյունում քարի վրա տեսավ փորագիր խոսքեր:

Երրորդ ձիավորը, որ ձիերի սանձերն արձակել ու պարսպի մոտ նստած ծխում էր, երրորդ ձիավորը հնագետի կանչից վեր թռավ։ Նրան թվաց, թե օձը խայթեց ակնոցավոր մարդուն։

Ֆետրե գլխարկով մարդը նկարեց պարիսպների փլվածքը, սրածայր բուրգը, պատերի հետքերը: Բերդի մուտքը նկարելիս մատիտը մի պահ ձեռքին մնաց, որովհետև նրա ոտնաձայնից անգղը կռնչյունով թևին տվավ, թռավ բնից, պտույտներ արեց բերդի գլխին: Նրա ձայնին մյուսներն էլ հավաքվեցին, պտույտներ արին։

Ձիերը անգղների կռնչոցից վախեցած խլշեցին ականջները, իրար մոտեցան։ Եվ երբ հնագետը բուրգի ծայրից կանչեց, թե ինքը գտել է Բակուր իշխանի