Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/443

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տապանը, նկարիչը չհասկացավ նրա խոսքը։ Աչքերն անգղների պտույտի հետ էին, նրանց թևերի հզոր շարժումի, կեռ ու արնագույն կտուցների հետ։ Ի՜նչ ահեղ թափ կար նրանց պտույտում։ Մի պահ մատիտը ձեռքին մնաց, և չնկատեց, թե ինչպես ֆետրե գլխարկը սահեց մազերի վրայից, ընկավ քարին։

Վրաններից մի մարդ, մանգաղը գոտում խրած, գլուխը կեղտոտ թաշկինակով փաթաթած, մահակին հենվելով բարձրացավ բերդի կածանով, մոտեցավ ձիերի մոտ նստած պահակին։ Մարդը տեսավ ակնոցավորին՝ ընկած մի քար տեղահան անելիս։ Եվ երբ պահակին հարցրեց, թե ովքեր են եկվորները, ինչ են փնտրում բերդի ավերակներում, պահակը նախ հանկարծակիի եկավ և պատասխանեց, որ գրքերում գրած է, թե Կաքավաբերդի գլխին կարասի մեջ թաղած ոսկի գանձեր կան:

Հնձվորը միտք արեց, ուսը քորեց, ետ դարձավ մյուս կածանով դեպի ձորը՝ կորեկի արտը հնձելու։ Ճանապարհին ինքն իրեն խոսելով գնաց։ Ի՞նչ կլիներ, եթե ինքը գանձը գտներ։ Քանի՞ անգամ է նստել հենց այն քարի վրա, որ տեղահան արեց ակնոցավորը: Եթե իմանար, ամենից շուտ կարդար այն գիրքը, որի մեջ գրված է կարասի գանձերի մասին։ Գանձերը լինեին արխալուղի պատռոտած գրպանում, քանի՜ կով կառներ։

Միտք էր անում հնձվորը, մեկ էլ հանկարծ նկատեց, որ կորեկի արտի կողքին է։ Չուխան շպրտեց, չուխայի հետ էլ մտքերը, մանգաղով գրկեց մի կապ կորեկ ու կտրեց։

Բերդի քարերի մոտ ալպիական մանուշակ էր բուսել, ծաղիկը ծիրանի գույն։ Հնագետը չէր տեսնում ոչ մանուշակ և ոչ էլ խոտ։ Նրա կոշիկները կրնկակոխ էին անում խոտ ու ծաղիկ։

Աշխարհը նրա համար ընդարձակ թանգարան էր, ուր չկա ոչինչ կենդանի և ոչ մի բզեզ։ Նա պոկոտում էր քարերին փաթաթված բաղեղը, փայտի ծայրով