Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/445

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ձայնը, զգեստի խշշոցը տղան սիրտ առավ, խորոված մի սունկ հանեց մոխրից, դրեց օջախի քարին։

Մայրը ներս մտավ, գլխի շորը մի քիչ էլ իջեցրեց աչքերի վրա, մոտեցավ և վրանի անկյունում դարսած ծալքից երկու բարձ մեկնեց հյուրերին:

Պահակը հնագետի պայուսակից կոնսերվ հանեց:

— Մենք սոված ենք, քույրիկ։ Թե մածուն ունես, տուր, համ էլ թեյ գցիր: Շաքար ունենք...— ասաց նա։

Կոնսերվի սպիտակ տուփին ի տես հնագետը զգաց քաղց, հիշեց, որ առավոտյան կերածն է: Մի վայրկյան կոնսերվը նրա մտքում ետ վանեց բերդի պատկերը։ Երբ կինը պղնձե ամաններով մածուն ու պանիր բերեց, ակնոցների տակից նրա աչքերը ամանին ընկան։ Ուտում էր մածուն և մտածում, թե որ դարից են մնացել մածնի պղնձե ամանները։

Կինը մոտեցավ օջախին, տղայի սունկերը դեն դրեց, կռացավ ու փչեց մխացող աթարներին։ Նրա գլխի շորը ետ ընկավ, ֆետրե գլխարկով մարդը տեսավ կնոջ սպիտակ ճակատը, սև մազերը, աչքերը։

Եվ նրա հայացքը մի վայրկյան սևեռած մնաց մխացող օջախին, մոխրի մոտ չոքած կնոջ: Ո՞րտեղ էր տեսել նա նման մի դեմք, բարձր, սպիտակ ճակատ, մուգ մանիշակագույն աչքեր։ Երբ կինը վեր կացավ, եռոտանի կասկարան բերեց օջախի վրա դնելու, ծալքի տակից հանեց ծուխից սևացած թեյամանը, նկարիչը շատ մոտ տեսավ նրա աչքերը, ունքերի վրա, մազերի ծայրին մոխրի փոշի:

Ի՜նչքան շատ ժամանակ էր անցել այն օրից: Եվ մի՞թե հնարավոր է այդքան նման երկու դեմք, նույն շրթունքները, վերինը մի քիչ հաստ: Կաքավաբերդի կնոջ դեմքն արևը մի քիչ այրել էր։ Բայց աչքերր նույնն էին, ինչ որ ուներ մի ուրիշ կին, դարձյալ բարակ մեջբով, բարձրահասակ։

Կինը թեյի պատրաստություն էր տեսնում, անխոս,