Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/448

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

համար թեյ լցրեց, իսկ ֆետրե գլխարկով մարդը շաքարի մի մեծ կտոր գցեց տղայի բաժակի մեջ։

Տղան զարմացավ, և, երբ շաքարից պղպջակներ ելան, բարձրացան թեյի երես, տղան մատը կոխեց բաժակի մեջ` շաքարը բերանը դնելու։ Թեկուզ տաք թեյն էլ վառեց մատը, բայց ծպտուն չհանեց։ Այնքան համեղ էր կիսահալ շաքարը...

Հնագետը ծիծաղեց քթի տակ, ինչ-որ բան հիշեց մարդու նախնական օրերից։ Կինը նորից ջուր լցրեց թեյամանի մեջ, և երբ երեխան շրթունքները ծպացնելով բաժակը մեկնեց նրան, մայրը ժպտաց։

Ֆետրե գլխարկով մարդը տեսավ այդ ժպիտը։ Ինչքան ծանոթ էր... Երևի նման դեմք ունեցող մարդիկ նույն կերպ են ժպտտւմ։ Վերին հաստ շրթունքը աննկատ թրթռաց, ժպտից շրթունքները կարմրեցին, որպես արնագույն մեխակի թերթեր, ժպիտից աչքերում փայլ երևաց։

Հանկարծ նա ծոցից հանեց տետրը, թերթեց քարերի, քանդակների նկարներ, թերթեց և ցինի բունը պարսպի գլխին և սպիտակ թղթի վրա մատիտի արագ շարժումով նկարեց կնոջը` օջախի մոտ նստած, աչքերը օջախի քարին: Ծանոթ էին դիմագծերը, միտքն այնքան էր աշխատել նրա վրա տարիներ առաջ: Փակ աչքերով էլ նա տեսնում էր կնոջ պրոֆիլը:

Տղան միայն տեսավ մոր նկարը սպիտակ թղթի վրա: Նրան այնպես թվաց, թե մարդու գրպանում սպիտակ թղթեր չեն, այլ բարակ հայելի, որի մեջ արտացոլում է ամեն ինչ, ինչպես աղբյուրի ջրի մեջ:

Պահակը հագեցավ, հաց ու պանրից կշտացավ և ակնոցավոր մարդը: Քիչ հետո ձիերը վրանի առաջ էին, երրորդ ձիավորը սանձերն էր հագցնում ձիերի գլխին, պնդացնում թամբի կաշե կապերը: Եվ երբ պայուսակն էլ կապեց թամբին, մոտեցավ մնաս բարև ասելու օջախի մոտ նստած կնոջ: Կինը տեղից վեր կացավ, գլխի շորն