Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/449

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

արագ իջեցրեց ճակատին և մատների ծայրով բռնեց երրորդ ձիավորի մեկնած ձեռքը։ Մյուսներն էլ հետևեցին նրա օրինակին։ Այս անգամ կինը մյուս ձեռքը կրծքին դրավ և խոնարհեց գլուխը։ Ֆետրե գլխարկով մարդը բոկոտն տղային արծաթ դրամ տվեց, շոյեց նրա մազերը։ Ձիերն իջնում էին Կաքավաբերդի կածանով դեպի Բասուտա ձորը։ Ձիերի սանձից բռնած իջնում էին երեք հոգի, որոնցից ամեն մեկը իր միտքն էր փաթաթում իլիկին, իր նախշը հյուսում։ Կածանի երկու կողքին էլ ալպիական մանուշակ կար։ Ֆետրե գլխարկով մարդը կռացավ, պոկեց մեկը և դրեց տետրի այն թերթի արանքին, որի վրա նկարած էր եռոտանին, զրնգան սուրմաներով Կաքավաբերդի քրմուհին։

Ձիերի սմբակների տակից քարեր էին թռնում, քարերն աղմուկով գլորվում էին զառիվայրի թեք լանջով։ Ծով կար նրա մտքում, և այդ ծովը ափ էր շպրտում մերթ սև թավիշե գլխարկով մի գլուխ, մազերը կարճ կտրած, մերթ երկարազգեստ մի կնոջ, անխոս, թիկունքին երկար ծամեր, մերթ քարե քանդակներ, կիսավեր պարիսպներ, նրանց հիմքի մոտ ալպիական ծիրանագույն մանուշակ...

* * *

Իրիկնացավ:

Կածանով վրանների կողմն էր բարձրանում մի մարդ, գոտկում խրած պողպատե փայլուն մանգաղը։ Բեզարած էր մարդը, կարճ ցողունով կորեկ էր հնձել օրնիբուն, մեջքը ցավում էր կռանալուց։ Դրա համար էլ նա կածանով դանդաղ էր բարձրանում, մահակը դեմ տալիս քարին, կանգնում, մի քիչ շունչ առնում։ Կորացած ծնկները դողում էին, երբ կանգ էր առնում։

Հնձվորը ցերեկվա մարդն էր, որին պահակը պատմեց բերդի գանձերի մասին։ Արտում նա տեսավ ձիավորներին, նրան թվաց, թե ձիու թամբին կապած պայուսակում հենց այն գանձերն են, որ հարյուր տարիներ