Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/451

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Որպես մարտ ամսվա օր, ձյունամրրիկից հետո արև երևաց կամարի վրա, արցունքները սրբելով ժպիտն երեսին մոտեցավ հորը, արծաթը ձեռքին։ Եվ բառերն իրար կապելով տղան պատմեց, թե հյուրի ծոցում կար մի փայլուն իր, մեջը սպիտակ, հայելու պես թերթեր։ Արծաթ տվող մարդը մոր պատկերը հանեց թերթի վրա, ծոցը դրեց։

Կայծակի պես խանդոտ միտքը փայլատակեց գառան մորթե գդակի տակ։ Աչքերը լայնացան, մարդը գունատվեց որպես թան։ Մայրը տղային նայեց, հրդեհվեց դեմքը, հայրը կնոջ դեմքի կարմիրը տեսավ։

Այդ ամենը կատարվեց մի վայրկյանում։ Հաջորդ վայրկյանը գազազած արջի կատաղի ոստյուն տեսավ, մազոտ երկու ձեռք ձգվեցին դռան մոտ դրած մահակին, մահակն անասելի թափով իջավ կնոջ թիկունքին։

Սուրմեքը զրնգացին, ցնցվեցին կնոջ երկար ծամերը։ Եռոտանու վրա դրած թեյամանը մի քիչ թեքվեց։ Մահակի ջարդված ծայրը թռավ ծալքի վրա։ Կինը չծպտաց, ցավից ծռմռվեց, ձեռքը թիկունքին տարավ, դուրս եկավ վրանի դռանը զսպված հեկեկալու, զգեստի փեշերով արցունքները սրբելու։

Տղան, դատարկ տուփերը գրկին, դուրս եկավ, պահվեց մոր փեշի տակ։ Արջը մի քիչ էլ թոնթորաց, թքոտեց, գարու հացը կերավ, փափախը գլխի տակ դրեց ու քնեց խսրի վրա։

Հետո լռություն իջավ Կաքավաբերդի գլխին։ Օջախներում հանգավ կրակը, գիշերը խավար բերեց։ Շները կուչ եկան վրանների առաջ, ոչխարը պառկեց կանաչի վրա։ Գիշերը ցողի բյուրեղ կաթիլներ շարեց ոչխարի բրդի վրա։

Խսրի վրա պառկեց և կինը, փայտի հարվածի կապույտ հետքերը թիկունքից մինչև ուս, որպես լայն ժապավեն։

Կաքավաբերդի գլխից ամպը հսկա խխունջի պես