Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/454

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եվ խաչակնքելիս հոնի փայտը ձեռքից բաց չէր թողնում։

Մենք բոլորս էլ գիտեինք, որ խաչակնքելուց հետո պապս ձայն է տալու.

— Նազու աղջիկ, դռները բաց արա...

Նազու աղջիկը տատս էր, ծերությունից մի քիչ կռացած, ականջի մեկն էլ խուլ։ Եվ Նազու աղջիկը դռնակը պիտի բաց աներ. դռնակը պիտի ճռռար, ծլվստար, ինչպես սայլի անիվը սառույցի վրա։

Դռան շեմքին նստելը մի ուրիշ նպատակ էլ ուներ: Գյուղի մեծ փողոցը մեր տան առաջովն էր անցնռւմ։ Ուրիշ գյուղից եկողը առաջին անգամ մեր տան կողքով պիտի գնար։ Անց ու դարձ անողները, հանդից տուն դարձողները` որը մի խուրձ խոտ շալակին, որը` լուծի կապերն ուսին ու բեզարած եզներն առաջն արած, որը` էշի վրա, ոտները գետնին քսելով,— մի խոսքով, իրիկնապահին ով անցներ փողոցով, պապիս «բարի իրիկուն» պիտի տար։ Պապս էլ նրանց պիտի հարցներ, թե վարը պրծա՞ն կամ թե սարի այս ինչ խոտն ինչպես է։ Ու մենք զարմանում էինք, թե որտեղից գիտի նա` ով ուր է գնացել և ինչի։ Մի անծանոթ մարդ եթե անցներ փողոցով, պապս հանկարծ մեզնից մեկն ու մեկին կասեր.

— Հենց էր ղարիբ մարդ լիներ... Մի վազի, կանչի, թող մեր տունը գա...

Վազում էինք և մինչև չիմանայինք, թե ո՞ւմ հյուրն է, նրան բաց չէինք թողնում։

— Պապի, էն ղարիբը Իսաջանենց ղոնաղն էր, նրանց տուն գնաց:

Եվ պապս պիտի միտք աներ, թե նորեկը Իսաջանենց որի՞ հյուրն է, ե՞րբ է եղել նրանց տանը, ի՞նչ ծանոթություն կա նրանց մեջ։ Եթե կասկածեր, կնոջը պիտի հարցներ. — Նազու աղջիկ, հերու՞ էր թե մեկէլ տարին, էն որ Իսաջանենց Ադամի տղան սարուշենցի բրուտին բերեց։ Էն ղարիբը նմանեցնում էր սարուշենցի բրուտին։