Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/455

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Տատս, եթե խուլ ականջն էր դարձրել նրա կողմը, պիտի գլուխը թեքեր, մի անգամ «Հը՞» ասեր ու նոր միայն իր կարծիքը հայտներ սարուշենցի ղարիբի մասին։

Տավարը տեղաց անելուց հետո, եթե ամառվա գիշեր էր, պապս տնքտնքալով պիտի բարձրանար թախտը, արխալուղի կոհակներն արձակեր ու մի սպիտակ շոր գլխին կապեր, արտում շոգ ցերեկին հունձ անողի պես։ Հողե գավաթի մեջ սառած սպասից մի քանի գդալ ուտելուց հետո պիտի թիկներ բարձի վրա ու քներ։

Առավոտ ծեգին ամենից կանուխ նա էր վեր կենում։ Քաղցր քնի մեջ, մանավանդ երբ լուսաբացի զովն էլ մի քիչ պաղեցնում էր օդը և քունն ավելի անուշ դարձնում, պապիս ձայնն էինք լսում.

— Դե՝ վե՛ր եք, հրեն է՜, արևը դուրս եկավ հա...

Մենք ավելի ներս էինք շուլալվում, կոլոլվում վերմակի մեջ ու սկսում սուտ խռմփացնել։ Ու մեկ էլ մի ձեռք վերմակի տակ խտղտացնում էր մեր ոտքերը, նրբանի կաշին, ծլոնգ էինք անում, նստում անկողնում ու ճմռում քնատ աչքերը։

— Դե հա, վե՜ր եք... տղամարդն էլ էդքան քնի... հրես ձմեռը էնքան արջաքուն տա՜ք... — ասում էր ու հոնի փայտի ծայրով դիպչում մեր մարմնի բաց մասերին, փշտացնում, ինքն էլ մեզ հետ ծիծաղում։

— Վե՜ր եք, ես ձեր ժամանակ կարգին տղամարդ էի... Հրես ձեր պսակվելու վախտը մոտենում ա հա, վե՜ր եք...

Մենք այն ժամանակ 8-10 տարեկան երեխաներ էինք։ Ու պիտի վեր կենայինք, քնաթաթախ աչքերով չջոկեինք, թե ով ում տրեխն է հագնում, պիտի կռվեինք իրար հետ, թե ով է եզները տանելու, ո՞վ է վարի գնալու։ Բայց, իհարկե, ավելորդ էր մեր խոսքն ու զրույցը, որովհետև պապս արդեն որոշել էր աշխատանքը, իսկ նազու աղջիկը մեր պաշարը կապել էր, շարել թակում տնկած ցից փայտերի վրա։