Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/456

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եվ ամեն արևածագի սկսում էր գյուղի առօրյան՝ չափած, հաշված։

Ձմեռն էր լավ։ Աշխատանք քիչ կար, տավարը գոմումն էր, խոտն ու դարմանը մարագում։ Պապս էլ դարպասի քարին չէր նստում, ոչ էլ պառկում էր բակում՝ թախտի վրա։ Նրա փոխարեն, արև օրերին, հավերը, սառած գետինը կոխ տալով, մոտենում էին, վիզները երկարում, թռչում ու շարվում թախտի վրա, գլուխները ծածկում թևի տակ։

Պապս քուրսու մոտից չէր հեռանում։ Շատ քիչ անգամ կմտներ գոմը, իսկ գյուղի հրապարակը գնալու սովորությունը չուներ։ Կնստեր, մի շալ էլ ուսին կգցեր և կմտմտար, եթե մենակ չիներ, կժպտար քթի տակ՝ բարի և անչար մարդու ժպիտով։

Ձմեռ օրերին հյուրն անպակաս էր։ Ով էլ լիներ, ինչ գործով էլ լիներ, մի օրվա փոխարեն, երկու-երեք օր էր պահում։ Ու եթե հեռու գյուղերից մեկն ու մեկը, իր վաղեմի ծանոթը կամ թուրք «քիրվան» նրան այցի գար, մեր տունը դառնում էր հարսանքատուն։ Նստում էին մինչև աքլորականչ, հին անցած օրերից պատմում, իրար հարցնում, մեռած մարդկանց վերհիշում, վաղուց անցած դեպքեր ու անթիվ անհամար պատմություն։

Մենք էլ նստում էինք այնքան, մինչև քունը հաղթեր, գլուխներս կախ էինք անում քուրսու թախտին, մինչև տատը բոթեր մեզ, զարթնեցներ ու վեր կենայինք, որպեսզի, վերմակի տակ պառկած, մի քիչ էլ լսեինք նրանց զրույցը։

Սնոտիապաշտ ու նահապետական վարք ու բարքով մարդ էր։ Այնքա՜ն անգամ էր պատմել իր գլխով անցածը մեզ ու հյուրերին։ Եվ հենց խոսքի կծիկը ետ տար թե չէ, մենք պիտի իմանայինք, թե որն է պատմում՝ այն, ինչ եղավ գյուղի ներքևի ավերակ մատուռում, երբ ջահել ժամանակ ընկերների հետ գրազ էր բռնել, գիշերով գնացել, որ փափախը դնի մատուռի ներսում, ու մի աղվես