Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/459

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

են անտառից գերան բերելու։ Եվ քեռուս հին ընկերը այդ գիշեր մեր տունը պիտի դարձներ սգի տուն, պապս ընկճված ձայնով պիտի խոսեր նրա հետ, ավելի շատ հառաչեր, իսկ տատս նրան պիտի հյուրասիրեր առանձին գորովով և ամանը կերակրով լցնելիս, պիտի արցունքը կաթեցներ տաք ապուրի մեջ։

Սարսափելին անհայտությունն էր և այն հակասական լուրերը, որ մերթ ընդ մերթ լսվում էին հարևան գյուղերում և որպես փսփսուկ հասնում պապիս կամ տատիս։ Մերթ լսում էինք, որ նրան տեսնող է եղել, այս ինչ քաղաքումն է ապրում ուրիշի անունով, պապս ձի էր նստում, գնում լուրը ստուգելու և հուսահատ վերադառնում։ Մերթ պատմում էին, թե սահմանն անցել է, գնացել Իրանի հողը, իբր թե նամակ է ուղարկում, բայց նամակը բռնում են, տեղ չեն հասցնում։

Սոսկալին այդ անհայտությունն էր, որովհետև եթե ստույգ իմացվեր, որ նա էլ չկա, լաց կլինեին, ու մորմոքը կհալվեր տարիների հետ: Անթեղված կրակ էր նրանց վիշտը, որ մերթ բոցավառվում էր, որպես պայծառ հույս, մերթ դառնում մարմրին տվող տկար կայծ։

Պատահում էր, որ ձմռան գիշերին մեզնից մեկն ու մեկը հանկարծ զարթնում ու գլուխը հանում էր վերմակի տակից։ Այդ գիշերներին շատ անգամ էինք տեսնում տատիս ու պապիս քուրսու մոտ նստած` ննջելիս։ Տատս հանկարծ սթափվում էր, աչքերը տրորում, մոտեցնում բրնձով լի ամանը, մի բուռ բրինձ թափում քուրսու կարպետին, մատով մեկ—մեկ բրինձն ընտրում։ Խոսում էին իրար հետ, համարյա ամեն գիշեր նույն ձևով, նույն հանգով։

— Բա ի՞նչ ասաց։

— Կտեսնեմ,— ասում է,— շատ ա դժվար...

— Հը՞:

— Դժվար ա, դժվար...

— Տվածնիս աչքերն առնի, բա հիմա՞ ինչ ա ուզում...