Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/46

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԱՑՈԻ ՍԱՐԻ ԼԱՆՋԻՆ...

Առաջին աքլորականչի հետ զարթնում էր Պետին, տրեխները հագնում, տան առաջ հոսող առվակի ջրից մի երկու կից անում, երեսը լվանում, փափախով սրբում ու գեղի ծայրին կանգնում, որ կովերը դուրս անեն, ինքը սարը տանի պահելու։ − Զառի աքիր, շատ ես կթել, հեյվանը մեղք ա, ջան չունի,− ասում էր Պետին պառավ կնոջը, որ մի տուն լիքը մանուկներ ուներ և մի կով։

− Ճար չունեմ, Պետի,− ու տնքում էր Զառի բիբին, պառավ կովն առաջ արած։

Խնամողի աչքով էր Պետին նախիրին նայում։ Մի նայելուց իսկույն 10 հասկանում էր, թե որ կովն է գիշերն անհանգիստ եղել, որն է շատ քաղցած։

Եվ երբ վերջի կովերը բերեին, մահակը ճոճում էր օդում ու զիլ կանչում.

− Հո՜, մարալ...

Պետին հնուց նախրապան էր։ Նա աչքը տավարի մեջ էր բացել։ Երբ երեխա էր, հորթերն էր պահում, իսկ հետո գեղի նախիրն էին տվել։

Ոչ ոք չուներ։ Դեռ հորթարած էր, երբ մայրը մեռավ, և Պետին մնաց կատարյալ որբ։ Գյուղն էր նրան պահում. մի օր մեկի տանը, մյուս օր մյուսի գոմում կամ մարագում քնում էր մինչև լուսաբաց և էլի վեր կենում նախիրը քշում։