Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/461

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Խուրշունդով Եգորին որտեղ որ է սաղ-սալամաթ հասցրեք իրեն հորը։

— Բա ո՞նց ա գնալու նամակը։

— Էհ, դուք հլա աշխարքի որտեղն եք։ Փոշտ կա, յասաուլ կա, պրիստավ կա։ Տանելու են, թագավորի ձեռքին դնեն։ Քյոխվան ասում էր, որ պտի լավ թղթի վրա գրել տաս, ղալամն էլ ոսկի պիտի լինի, թե չէ ընդունիլ չեն։

Ու մանկան վառ երևակայությամբ պարզ տեսնում էինք ոսկե գրիչը, որ պապիս խնդիրքն է գրում սպիտակ թղթի վրա, և խոսքերը պսպղին են տալիս, նամակը թռչունն իր թևով, սարերի վրայով հասցնում է ոսկի մի տուն, նամակը դնում է թագավորի ձեռքին։

Այդ իրիկուն տատս պանրի յողոտ կտորները ջոկեց, լցրեց մի մորթու մեջ, բերանը պինդ կապեց։ Եվ երբ պապս պատվիրեց պոչը ծաղիկ երինջին առավոտ կանուխ լավ խոտ տալ, մենք հասկացանք, որ նա յուղ ու պանրի հետ քաղաք է տանելու և պոչը ծաղիկ երինջին, որ մեր բոլորի սիրելին էր, մեր աչքի լույսը։

Սակայն ոչ ոք չառարկեց: Առավոտ կանուխ բոլորս ոտքի էինք, և մեզանից ամեն մեկն աշխատում էր մի քիչ էլ շոյել երինջի մեջքը, խոտի մեջ եղած չոր ծաղիկները ջոկել և տալ նրան։ Պապս ձիու թամքին կապեց յուղն ու պանիրը և երինջին առաջ արավ։ Դարպասից դուրս գալուց, երինջը ետ նայեց գոմի կիսաբաց դռնին ու բառանչեց: Գոմից նրան ձայն տվեց պառավ Սոնա կովը։

Երբ ձին ու երինջը ծածկվեցին բոստանի պատերի ետև, ու միայն պապիս փափախն էր երևում, որ ասես սև կատվի պես վազում էր պատի վրայով, մի քիչ էլ կանգնեցինք ու մեկ-մեկ ներս մտանք։ Տատս սանդուղի առաջ կանգնել, հանում էր գուլպաները, կրծքին սեղմում, օրորվում, ասես գուլպաներ չէին, այլ որդու գլուխը։

Երկու օր հետո պապս վերադարձավ։