Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/462

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Միրզա-Դավիթին էր գրել տվել խնդիրքը ու տանուտերի օգնությամբ հանձնել փոստին։ Պոչը ծաղիկ երինջն էլ էր գնացել, յուղն ու պանիրն էլ։ Փոխարեն պապս բերել էր թղթի փոքրիկ մի կտոր, որ տվել էին նրան նամակ ընդունելուց հետո։

— Նազու աղջիկ, լավ տեղ դիր, աչքի լույսի պես պահիր։ Պատասխանն էդ թղթովն ա գալու... Թե որ կորա՜վ...

եվ փոքրիկ թուղթը, որ մի քանի կտորի մեջ փաթաթելուց հետո տատս դրեց սանդուղի մի անկյունում, մեզ համար դարձավ և ամենից թանկը, և երկյուղալին։

Ի՞նչ կար այդ փոքրիկ թղթի մեջ, ո՞ւր է մեր պոչը ծաղիկ երինջը, մորթեցի՞ն, թե բառանչում է ուրիշի գոմում։ Միտք էինք անում այնքան, որ հոգնում էինք, քնում ու երազի մեջ տեսնում, որ երինջը խոտի տեղ թուղթ է ուտում ախոռում...

Մի ձմեռ անցավ, նամակի պատասխանը չեկավ։ Ամբողջ գյուղը գիտեր այդ մասին, և պապս մի տեսակ պարծանքով էր ասում, որ ինքը ռուսաց թագավորին նամակ է գրել։ Մեր տուն հյուր եկողներին նա պատմում էր՝ թե ինչպես է Միրզա-Դավիթը գրել։

— Է, մենք էլ ասենք ապրո՞ւմ ենք։ Էնպես ղալամ ունի անիրավը... Ինձ որ տեսավ, երեսիս նայեց, թե Արություն ապեր, ուզում ես ասեմ, ինչի՞ ես եկել ինձ մոտ։ Ասաց թե դու ուզում ես, որ թագավորին նամակ գրեմ Եգորի մասին։ Մնացի չորացած։ Վերջը գրքերը բաց արեց, կարդաց, կարդաց, մինը դրեց, մյուսը հանեց, օրենքը գտավ։ Ոսկի ղալամը դրեց թղթի վրա... Մի զարմացք Էր որ է՜դպես էլ գիր, է՜դպես էլ զորություն...

Լսողն էլ իր հիացմունքն էր հայտնում Միրզա-Դավիթից և պատմում, թե ինչ հրաշք գործեր է կատարել նա։

— Նրա ղալամը քարին էլ դնես, քարը կճաքի...