Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/463

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ձմեռն անցավ։ Ամենից անհամբերը մենք էինք։

— Պապի, բա պատասխանը ինչու չի գալիս...

— Այ որդիք, հենց իմանում եք, թե թագավորը ունի չունի էդ հոգսն ունի։ Կռիվ կա, ժողովուրդին կերակրել կա։ Օրը ես հազար ասեմ, դու երկու հազար իմացի, էդքան նամակ ու խնդիրք ա ստանում։ Հալբաթ մի օր էլ մերը ձեռքը կհասնի... Բա էս թուղթը ինչի՞ համար են տվել... էդպես էլ վրան գրած ա.— Արություն Խուրշուդովից նամակ ռուսաց թագավորի վրա։


Գարունը եկավ։ Մի օր էլ գզիր Իբիշը ձայն տվավ, որ հարևան գյուղում ժողով կա։

— Թազա պրիստավ են դրել, այ ժողովուրդ, թազա քյոխվա են ընտրելու, տունը մի մարդ։ Չեկողին՝ Սիբիր։

Տանուտերի ընտրության պապս չգնաց։ Ալա եզը այդ օրը տնքում էր, քթածակերից փսլինքախառն արյուն էր գալիս։ Պապս հաճախ գոմն էր գնում, նայում եզան, պատվիրում, որ տաք մոխիր բերեն կամ էլ ժամերով շոյում էր մեջքը, փաղաքշական խոսքեր ասում։

Մի քանի օր անց, երբ հիվանդ եզը ոտքի էր կանգնել, ու ոտքերը զգուշությամբ փոխելով, հոտոտում էր գետինն ու բակի քարերը լիզում, պապս իր սովորական տեղում նստած, հոնի մահակին հենած, աչքը ճանապահին էր, հանդից տուն դարձողներին: Ու մեկ էլ երևաց գզիր Իբիշը, մոտեցավ ու ասաց․

— Թազա պրիստավը քեզ էգուց առավոտ կանչել ա։ Վախտով էնտեղ լինես։ Թե չէ..․ասում են չար մարդ ա...

— Խեր լինի, Իբիշ...

— Հաստատ տեղեկություն չունեմ. ինձ միայն հրամայված ա էդպես...

— Ո՞վ ասեց քեզ։

— Թազա քյոխվեն, Մուքելանց Առստամը...

Պապս էլ ոչինչ չհարցրեց։ Իբիշը հեռացավ, լավ չէր, որ Առստամն է ասել։ Հին հաշիվ ուներ նա պապիս հետ։