Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/464

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ի՞նչ էր ասում էն բայղուշը,— հարցրեց տատս։

— Առստամը կանչել ա, թազա քյոխվան։

— Հը՞. — պապս նորից կրկնեց։

— Պատասխան եկած չլինի՞,— ասաց տատս։

— Կարող ա, վախտն ա, եկած էլ չլինի, հրես որտեղ որ ա կհասնի։ Համա ասեր պրիստավն է կանչում... Հը՞— դարձավ նա մեզ։ Մենք հաստատեցինք, որ Իբիշն այդպես էր ասել, և որպեսզի ավելի ստույգ իմանանք, պապս մեզ ուղարկեց Իբիշի մոտ մի անգամ էլ հարցնելու։ Իբիշը նախ թոնթորաց, թե չենք թողնում, որ հանգիստ հաց ուտի ապա՝ բեղերը սղալելով՝ մեզ հայտնեց, որ պապիս կանչողը պրիստավն է, բայց ինքը հրամանը ստացել է Մուքելանց Առստամից։

— Հենց քու ասածն ա լինելու, Նազու աղջիկ,— ասաց պապս, մեզ լսելուց հետո։ — Երևի պատասխանը եկել ա, կամ ո՞վ գիտի թագավորի կողմից մի հարցմունք ունի։

Քնելուց առաջ պապս պատվիրեց ինձ առավոտյան ավելի կանուխ վեր կենալ։ Ես նրան պիտի ուղեկցեի, ձին պիտի պահեի, մինչև պապս ներկայանար պրիստավին։ Ուրախությունս անչափ էր։ Ես պիտի տեսնեի հարևան գյուղը, պապիս թարքին նստած ես պիտի բարձրանայի սարի գագաթը, որ մեր բակից անչափ հեռու էր երևում։ Վերջապես ես պիտի տեսնեի պրիստավին։ Այս մտքին անցնելիս, ուրախությունը տեղի էր տալիս կասկածի, երկյուղի։

Լուսաբացին տատիս մի անգամ ձայն տալուց իսկույն վեր թռա և արագ-արագ հագնվեցի։ Պապս բակում ձիու սանձն էր հագցնում։ Քիչ հետո երկուսով էլ նստեցինք ձին ու ճանապարհ ընկանք։

Գյուղից երբ մի քիչ հեռացանք, ինձ համար ամեն ինչ նոր էր և անծանոթ։ Հարցերիս վերջ չկար։ Ու դեռ մեկի պատասխանը չստացած, մյուսն էի տալիս, իսկ