Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/465

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պապս դողդոջ ձայնով պատասխանում էր, երբեմն կանչում ձիուն, սանձը ձգում, հենց որ ձիու ոտքը քարին էր դիպչում։

— Հրեն է՜, էն սպիտակ տունը, կտուրն էլ կարմիր,— ցույց տվավ պապս սարի գագաթից դեպի հովիտը,— պրիստավը էնտեղ ա նստում։

— Պապի, որ թագավորը գրած լինի թե իրավունք եմ տալիս, քեռիս քանի օրում կգա։

— Մի աչքը ճպելում։ Թագավորի համար ի՞նչ։ Ուզենա մի օրում հազար ոչխար մորթել տա, կանի։

— Հազար ոչխա՜ր..․

Քիչ հետո մենք սպիտակ շենքի մոտ էինք։ Ինչքան նորություն կար ինձ համար։ Փողոցները ավելի լայն էին, տներն ավելի սիրուն։ Փողոցում շատ ժողովուրդ կար։ Խանութների առաջ մարդիկ խռնվել էին իրար՝ յուղ էին ծախում, կով, բուրդ, մեկն իր ապրանքն էր գովում, մյուսը բարձրաձայն սակարկում էր գնորդի հետ։ Մի քանի հոգի բարևեցին պապիս։ Այդ ինձ ուրախություն պատճառեց։

— Տես ինչ պապի ունեմ, որ էս հեռու տեղումն էլ են նրան ճանաչում։

Սպիտակ տան առաջ իջանք, ձին քաշեցինք բակի ստվերը։ Սանդուղքի վրա նստոտել էին գյուղացիք՝ հայ, թուրք, ոմանք զրուցում էին իրար հետ, ոմանք պատի ստվերում պառկել էին, գլխատակին՝ աղլուխի մեջ փաթաթած պաշարը։ Պապս մոտեցավ, խառնվեց նրանց։ Մի րոպե ես նրան իմ աչքից կորցրեցի, սիրտս ահ ընկավ, և երբ տեսա նրա սև փափախը, կանչեցի՝

— Պ ա՜պի։

Ժպիտն երեսին մոտեցավ, պատվիրեց, որ ձիուն լավ նայեմ, չթողնեմ, որ մյուս ձիերին մոտենա։

— Քեզ քացի կտան, աչքդ վրան պահիր։ Թե որ պատասխան եկած լինի, քեզ համար խուրմա եմ առնելու։