Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/466

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նրա խոսքը կիսատ մնաց, մեկը սանդուղքի գլխից կանչեց.

— Խուրշուդով Արություն։

Տեսա, թե ինչպես պապս արագ քայլերով հասավ սանդուղքին. աստիճանների վրա նստած գյուղացիք տեղ տվին, որ անցնի, հետո պապիս սև փափախը ծածկվեց դռների ետև։

Ձիու սանձից պինդ բռնած, աչքս չէի հեռացնում փակ դռներից։ Երբեմն դռները բացվում էին, ներս ու դուրս էին անում փայլուն կոճակավոր մարդիկ, աստիճաններին նստոտած մարդկանցից ոմանք ոտքի էին կանգնում, խոնարհ գլուխ տալիս։ Իմ աչքին բոլորն էլ պրիստավ էին, ու ես չէի կարողանում ջոկել, որն է ամենից մեծավորը։

— Պրիստավն էն ա՞,— հարցրի ես կողքիս նստած մի ալևորից, որի գլխին փաթաթած կեղտոտ շորի վրա ու այտոսկրին արյան չորացած կաթիլներ կային։

— Էն ուրյադնիկ Վասոն ա. պրիստավը օթաղումնա,— ասաց նա։ Ես էլ չհարցրի, թե ուրյադնիկը պրիստավի ի՞նչն է։ Սակայն հետաքրքրությունս ավելի սաստկացավ։ Եթե ուրյադնիկին այդքան շատ ոսկի կոճակ ուներ, ապա ինչեր կլինի պրիստավի հագին։ Իսկ թագավո՞րը...

Ինձ թվաց, թե սպիտակ տան ներսում մեկը գոռգոռում է, ոտքը գետնով տալիս։ Սանդուղքի քարին նստոտած մարդկանցից ոմանք իջան, կանգնեցին բակում։ Հանկարծ դռները բացվեցին, երևացին մի քանի ձեռքեր, իրար խառնված մարմիններ, անթիվ փայլուն կոՃակներ և այդ ամենի մեջ պապիս սպիտակ գլուխը։

Ձեռքերն իջնում էին նրա գլխի վրա։

Ու մինչև ես բարձր ծկլտացի, ձիու սանձից բռնած վազեցի սանդուղքի կողմը, պապս արդեն թափ էր տալիս փեշերի փոշին։ Մեկը վերևից ոտքով շպրտեց նրա սև փափախը, ու դռները նորից փակեցին։