Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/469

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԲՐՈՒՏԻ ՏՂԱՆ

Քամին հալածում է մառախուղի թանձր քուլաները։ Նրանք խրտնած փախչում են ձորերով սպիտակ ոչխարի պես։ Մառախուղի փեշերից ցցվում են պղնձագույն ժայռերի կոնուսները։ Քարափոր տներից ծխի կապույտ ժապավենը ձգվում է դեպի վեր և մեդուզայի զգուշությամբ փաթաթվում խոնավ ժայռերին։ Լեռան ետևից բարձրանում է արևը, մամուլից կաթկթում է անձրևաջուրը։

Տերրասի ձևով բարձրանում են ժայռերը, մեկը մյուսից տձև, ահռելի։ Ահա մեկը՝ ռնգեղջյուրի նման մռութը հառել է մի ուրիշի՝ որ վիթխարի գորտի է նման։ Նրանց մոտ մի ժայռ՝ կարծես արձանացել է հեթանոս քուրմը։ Նրանից բարձր՝ քարե արծիվը ճիգ է անում թևերը թափահարելու ու չի կարողանում։

Այս մեր գյուղի, մեր Գյունեյ թաղի թիկունքն է, մի սարսափելի լաբիրինթ, որի խոր ձորերում բարակ առուն վշշում է փրփրած հեղեղի նման, ուր ծտի ոտքի տակից գլորված ավազն անգամ հազար արձագանք է տալիս։

Ավելի խորը Դրնգանն է, լռակյաց, հիվանդոտ և աղքատ մարդկանց բնակավայրը, ուր ամառվա երկար օրն էլ արևը հազիվ մի ժամ ջերմացնում է։ Տարին բոլոր այդ ձորերում ստվեր է, խոնավություն։ Մարդիկ դեռ ապրում են քարանձավներում, բարձրանում են քարե սանդուղքներով։ Ուռենու մամռոտած փչակով Ժայռից