Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/47

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Իր հայրական հին տունը խանգարվել էր, կտուրը խոնարհվել, գերանները օջախի ծխից սևացած կախվել էին, կտուրի հողն ու քարը թափել ներսում։ Վայրի կանեփը փարթամորեն աճում էր տան ավերակների վրա, և հարևանի հավերը քուջուջ անելուց հետո պառկում էին կանեփի շվաքում։

− Պետի՛, ա՛յ անժառանգ, բա ե՞րբ պիտի հորդ ամարաթը շինես,− հարցնում էին նրան։

Պետու ծաղկատար դեմքը ժպտում էր, հատ ընկած աչքը ծռում էր ու բերանը ձգում, ուսերը վեր քաշում։

10 − Սաղ գեղն իմ տունն ա,−կասեր, և մահակը էլի կճոճար օդում։

Երբ չուխան պատռում էր կամ տրեխի թելն էր կտրում, շալե շալվարի հին կարկատանները մաշվում ու մազոտ ազդրերը բաց անում,− Զառի աքիրն էր միշտ հանդիմանում, թե ինչու կնիկ չի առնում, հոր հանգած օջախը շենացնում։

− Պետի, փուչ մնացած, կարողությունդ ո՞վ ա ուտելու...

Հանդիմանում էր Զառի աքիրը և չորացած աղբյուրի ակունքի պես աչքերը կկոցում, բրդի թելը, ոսկրոտ մատները դողացնելով, ասեղի ականջով անցնում և կարկատում Պետոլ շալվարը շալի։

20 Գեղի հարսներն էլ էին ծիծաղում Պետու վրա, բայց նա նեղանալ չուներ։ Ժպտում էր, և ճերմակ ատամների շարքը փայլում էր մսոտ շուրթերի միջև։

Մի կաղ, ձեռքի մեկը չորացած, պառավ աղջիկ կար գեղում, որ սրա-նրա փռած ցորենն էր պահում կամ կտուրի վրա մեկնած չորաթանը։ Աղջիկները նրան «Պետու հարս» էին ասում և ծիծաղում, իսկ պառավ աղջիկը, կաղ և ձեռքը չորացած, ունքերը կիտում էր, զայրանում, հայհոյում և հետո էլ ժպտում ամոթխած։

Մի միտք, որպես ամպի ճերմակ քուլա ամառվա լազուր երկնի վրա, ցանկալի մի միտք լողում էր հանդարտ պառավ աղջկա ուղեղում.