Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/470

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


ժայռ ջուր են բերել ու քարերի վրա բազմացրել ընկուզենի։ Երբ հորդ անձրև է լինում, ավազախառն հեղեղը ահագին վշշոցով իջնում է ժայռերից, աղմկում, քամուց ընկուզենիները խշշում են, ձգում են արմատները և կռանում հեղեղի վրա։

Մեր Գյունեյ թաղը արևոտ է, գետի ափին։ Կամարակապ հինգ աչքանի կամուրջը ձգվում է գետի վրայով, այգիների մեջ է մտնում լայն ճանապարհը, բարձրանում ժայռի վրա փորած սանդուղքով և մտնում քաղաք։

Ջաղացները սահմանն են։ Իսկ նրանից դեն քաղաքն է... Սահմանագլխին բարձր ժայռի վրա նավթի պահեստն է, որի ստորոտով ջուրը շառաչելով իջնում է ջրաղացների վրա։

Արևը չորացնում է ժայռերի խոնավությունը։ Տաք ու փափուկ գոլորշի է բարձրանում աթարի դեզերից, բակերից ու բոստաններից։ Անա զիզին փեշերը շաղաթաթախ, ոտքերը ցեխոտ, դեռ կանաչ պամիդորները քաղում է, գոգը լցնում։ Շեմքի մոտ չոր խորի վրա կատուն մեկնվել է ու տաքանում է։

Անա զիզին տնքտնքալով բարձրանում է քարի վրա և կանաչ պամիդորները շարում պատուհանի փայտերին, որ ավելի շուտ կարմրեն...

Յոթ-ութ տարեկան երկու մանուկ բարձր ժայռի գլխից նայում են Գյունեյ թաղին, դողդողացող գոլորշուն։ Անա զիզու բոստանին, աթարի դեզերին... Դիմացը, ընդարձակ տափարակի վրա քաղաքն է։ Արևի տակ շողշողում են թիթեղյա կտուրները, կարծես տները ապակով են ծածկված։ Ու այդ սպիտակ փայլի մեջ ավելի պարզ երևում է «ռուսաց ժամի» ոսկեզօծ գմբեթն ու խաչը։ Արևի ճառագայթներն արտացոլում են այնպիսի փառահեղությամբ, կարծես գմբեթն ինքը արև է քաղաքի արծաթյա