Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/478

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Դու առաջ անցի... ձեր պատի տակ կսպասես, որ հարցնի, ասա Մեծ ապոր բաղում թութ էինք ուտում։

Իսկ Անա զիզին երեկոյան դեմ թոնթորալով մեր բակն էր գալիս ու մորս հանդիմանում։

— Ուր է էն փուչը, մի ձեռս ընկնի, ականջը մաշկահան անեմ... Թազա հալավը էնքան քար ու քոլի է քցել, թևը ճղել...

— Մերն էլ գոտին է կորցրել,— պատասխանում է մայրս։

Երկուսով անիծում են մեզ, պատմում մեր չարաճճի արարքները, թե առավոտից մինչև իրիկուն անհաց կորչում ենք այգիներում, «վաթսուն անգամ մտնում ջուրը դուրս գալիս», և կապտած, սփրթնած վերադառնում։ Նրանք գանգատվում են մեզանից, իսկ Անդոն գլուխը պատից վեր է հանում և աչքով կանչում ինձ։

— Աղջի Մարիամ, ծեծած աղ չունե՞ս, մի բուռ տաս,— վերջացնում էր Անա զիզին։ Նրանք տուն էին մտնում, իսկ մենք ծլկվում էինք դեպի ձիթհանքը, ուր երեխաների իրիկվա խաղի վայրն էր։

* * *

Նստել եմ ծիրանի ծառի տակ, տաքանում եմ, ինչպես քարերը, ձյունից մրսած գետինը, ծառերը, որոնք մերկ են և արևի ջերմությունից թխանում են։

Մերկ ծառերի արանքից երևում է քաղաքը, գունավոր տները։ Քամին փոշի է բարձրացնում փողոցներում, և փոշու ամպի միջից, իբրև ասեղնագործ շղարշի, երևում են հողածածկ տները, այգիների մեջ ընկած ամայի հնձանները։

Քամին խշշացնում է չոր տերևները, որոնք դեղին ուլիկների նման վազվզում են, թռչում քարերի վրայով, իրար հրում, փաթաթվում ոտքերիս և քչփչում, ինչպես առվակը, գարո՜ւն է, գարո՜ւն է...

Քամին քաղաքի կողմից ձայներ է բերում... Լսելի է,