Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/479

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թե ինչպես տախտակներ են մեխում, թախ՛կ-թախ՛կ, հնչում է թիթեղագործի փայտե մուրճի խուլ ձայնը։ Մի շուն կաղկանձում է... Լսվում է մի զիլ ձայն՝ չգիտես սուլիչ էր, գնա՞ցք եկավ, թե գետափի հնձաններում աքլորը կանչեց։ Երկու կին լվացք են փռում կապույտ քարերի վրա,.. Նրանցից մեկը կռանում է, լվացքը լողլողում գետի մեջ, իսկ մյուսը փռփռացող քամու առաջ պահում է կապույտ կարմիր լաթի կտորները, և ապա շարում...

Քամին խշշացնում է տերևները... Կարծես մի անտես ձեռք թերթում է գիրքը, ինչպես լուռ ընթերցանության ժամը դասարանում։

Դասարանում... Ծիրանի ծառը ոստերի ստվերն է նետել իմ տետրի վրա։ Եվ արևի մի շող փայլփլում է մատիտի գրաֆիտե ծայրին և արտացոլում եղունգի վրա։ Մեկը բոթում է թևս։

— Մեծատառ Ժ-ն ո՞նց է...

— Է՜, դե իրա նման։

— Մի շվի տամ։

— Ա՜յ, տես, — և ցույց եմ տալիս տետրակիս ծայրը։

— Վերջի նստարա՛ն, լռությու՛ն:— Սաստում է ամբիոնին կռթնած ուսուցիչը։ Ճռում են նրա կոշիկները. մենք թեպետ գլխահակ ենք վայելչագրության տետրակի վրա, բայց գիտենք, որ նա դեպի մեզ է գալի։

Շատ է խանգարում ծիրանի ծառը, որ բուսել է մեր դասարանի միակ պատուհանի առաջ։ Եվ երբ քամին փչում է, ծառն աղմկում է, ճյուղերը քսում պատուհանին։ Նրա ստվերն ու արևի դեղին բծերը թրթռում են իմ տետրակի վրա, օրորվում, ինչպես ջրածտի ճոճքը։

— Վազիր, զանգը տուր,— ասում է ուսուցիչն օրապահին։

— Եվ սկսվում է ամենից զվարթ, աղմկալի երկու րոպեն, մինչև զանգը հնչեր, և բակը վազեինք։ Այդ երկու րոպեում բոթում ենք իրար, կսմթում, փռթկացնում,—