Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/480

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մի խոսքով ելք էր ստանում հոգնությունից և ակամա լռությունից փակված մեր մանկական չարաճճիությունը։

Այս չոր ծիրանու տակ նստած, գարնան այս պայծառ օրը, երբ ուրախ արևը մեղմել է պառավ քարերի մռայլությունն էլ, ես գրում եմ իմ մանկության ծիրանի ծառի մասին, իմ ընկեր Անդոյի մասին, և ինչպես դեղնած տերևները խշշալով փարվում են ոտքերիս և քչքչում, այնպես էլ երկու բարակ ձեռքեր ձգվում են դեպի ինձ և խնդրում.

— Ինձ էլ գրիր...

Նուշիկն է։ Վիզը բարակ, դեղնած աղջիկը: Նրա սև աչքերը խոշոր են և տխուր։ Նա հաճախ է լաց լինում։ Հայր չունի, իսկ մայրը լվացք է անում ուրիշների դռանը։ Երբ ցրտում է կամ խոնավ է գետինը, Նուշիկը ներս է մտնում կապտած, մրսած մատները գոգնոցի տակ։ Երբեմն նախաճաշ չի բերում, իսկ երբ բերում է՝ հաց է, խորոված կարտոֆել։

Նուշիկը մեզ հետ է լինում։ Մնացած աղջիկները վախենում են Անդոյից և նրան ձեռք չեն տալիս։ Մի անգամ Մաշոն (նրա հայրը միշտ նստում էր նավթի պահեստի առաջ և, երբ հաճախորդ չէր լինում, նարդի էր խաղում «ռուսների» հետ)— Մաշոն մի անգամ դասարանում Նուշիկին ասաց, որ նրա մայրը գողացել է լվացքից մի կտոր: Նուշիկն արտասվեց։

— Մամաս գող չի...

Ուսուցիչը ներս մտավ։ Դասն սկսվեց... Իսկ Նուշիկի նիհար ուսերը ցնցվում էին։ Կուչ էր գալիս, կարծես մրսում էր։

— Մաշո,— ասաց դասամիջոցին Անդոն,— տեսնում ե՞ս էս դանակը։ Մաշոն տեսավ դանակը, վախից գունատվեց և արտասվելով վազեց ուսուցչի մռտ:

— Դու քեզ լավ չես պահում, Անտոն... Փողոցային երեխայի նման ես։

Ուսուցիչը խլեց դանակը, իսկ մյուս օրը Անա զիզին եկավ մեր տուն։