Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/485

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վրայով ներքև է իջնում Անդոն։ Աղջիկները նրանից փախչում են։ Անդոն մոտենում է ինձ։

— Ես է՛լ ուսումնարան չե՛մ գնա...


* * *

Քաղաքից շոսեն դուրս է գալիս, սլաքի նման ձգվում, կամուրջի մոտ կեռ տալիս, ապա ոլոր մոլոր բարձրանում բարձր սարը։ Ու գնում է, գնում է շոսեն, ինչպես գետը, բազմաթիվ լեռնային արահետներ խառնվում են նրան, և ինչքան գնում է, այնքան շատ է ծեծված, այնքան հին է ճանապարհը, և բազմաթիվ բանակներ, ժողովուրդներ տրորել են ճանապարհը, անցել մեկը հյուսիս, մեկը հարավ։

— Բռնի էս ճանապարհը, գնա, գնա, ու չի վերջանա։ Աշխարհը մեծ է, աշխարհը ծայր չունի։

Բրուտ Ավագը ինձ հողե փարչ է տվել և հողի մարդու օրհնանք։

— Ծարավես, կխմես։ Կուռդ դալար մնա...

Գիշերն անձրև է եկել, խոնավ է գետինը։ Կառքը փոշի չի հանում։

Ընկղմվում է Դրնգանը, քարերը ծածկում են մեր արևոտ թաղը, միայն գետափի տներն են երևում և ընկուզենիները։ Եվ ինչքան բարձրանում ենք, այնքան խոյանում է Ցից քարը։ Նրա տակն են բրուտների քարանձավները։

Երեկոյան հորթերն եկան, նրանց հետ հորթարած Անդոն։

— Գնում ե՞ս։

— Հա՛։

— Գնա՛։— Տխուր է Անդոն։ Հոգնել է, բայց չի գնում տուն։ — Էգուց հորթերին էն կուռը կտանեմ...

Կառքը բարձրանում է։ Սարի ետևը ամպ է նստել։ Մեր թաղը չի երևում, այնտեղ արև է։ Շուտով այս ամպը կիջնի սարի վրայով և կնստի ձորերի վրա։