Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/486

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մեկը ամպի միջից վազում է, ձեռքով է անում, կանչում է։ Զարմացած կառապանը քաշում է ձիերի սանձը։ Կառքը կանգնել է։ Մենք դեռ քիչ ենք հեռացել։ Մեկ մեկ կարելի է հաշվել քաղաքի տները։

— Անդո՛,— և դուրս եմ թռչում կառքից։

Գյուղի երեխաները երբ հրաժեշտ են տալիս, ոչ համբուրում են իրար, ոչ ձեռք են սեղմում։ Նրանք նայում են իրար, ինչպես մունջ մարդիկ։ Հեռացողը հեռանում է, ով մնում է տեղը, նայում է նրա հետևից, մինչև սարի հետևն անցնի կամ իջնի ձորը։

Կառապանը մեզ բաժանեց.

— Ճանապարհին կուտես,— և Անդոն իր տոպրակից հանում է բոված սիմինդը, որ ամեն առավոտ պատրաստում է Անա զիզին։

— Ունեմ, քեզ պահի... — Չէ, իմը լավն է...—և անիվները գլորվում են:

Ամպը կախվում է, Անդոն ու մեր հորթերը կորչում են ամպի մեջ։

Ուզում եմ լաց լինել, բայց արցունք չկա։ Ձորը լցվում է կաթնագույն ամպերով։ Թաց գետինը խլացնում է վազող ձիերի դոփյունը։ Իսկ կառքը գնում է. լսվում են զանգուլակների ծլնգոցը, կարծես մանր աղջիկներ ծափ են տալիս։

Հոգնածությունը նինջ է բերում։ Գլուխս հենում եմ մեկի տաք թևին։ Քնում եմ, ինչպես ծիծեռնակի ձագը մոր թևի տակ։ Երազում կառքը ամպերի վրայով է թռչում, դեպի խոր երկինքը։

Ահա աստղերը... Նրանք մեծանում են, նրանք շարժվում են։ Նրանք աստղեր չեն, այլ դեղին ու սպիտակ գառնուկներ, որոնք ձիերից խրտնած փախչում են, և զրնգում են նրանց վզերի պղնձյա զանգակները։

Աչքերս բաց եմ անում։ Մթնում է. ուրիշ սարեր են։ Մեր եկած տեղը ամպ է։ Երևի անձրև է մաղում մեր արևոտ թաղի վրա։