Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/488

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Բնական խոռոչներ են, որոնք խոր գնում են քաղաքի տակը։ Ով գիտե որտեղ է վերջը այդ մթին անցքերի։ Ամառվա շոգին այնտեղ սառն է, պատերը լպրծուն։ Բազմաթիվ ոսկորներ կան ներսը, ամբողջ կույտեր ժանիքների, ծնոտների, ողերի։ Դուք վառում եք նավթի կավե ճրագը և կռացած ներս մտնում, կուզեկուզ գնում, քարերի վրայով մագլցում, կորչում քարի հետևը։ Դուք մեկնում եք ձեր ձեռքը մի դեղին կույտի, կարծում եք քար է, ձեր մատները խրվում են թաց ավազի մեջ, որ բարակ շերտով ծածկել է ոսկորների կույտը։ Եվ ճրագի լույսի տակ շողշողում է վարազի փայլուն ժանիքը. ու սարսուռը քարայրի սառնության հետ թափանցում է ձեր ոսկորները։

Առաջներում քաղաքի տափարակը, մեր թաղերը, ամբողջ ձորը խիտ անտառ է եղել, մթին խոռոչներ, թավուտներ։ Մարդուց առաջ ձորերում ապրել են գագանները, և քարայրները եղել են որջեր, սպանդանոցներ, գազանների կատակոմբներ։

Արևը թեքվում է սարի հետևը։ Ինչքան մոտենում է սարի գագաթին, այնքան լեռան ստվերը ձգվում է։ Թվում է, թե գագաթն էլ է երկարում, սրվում, որպեսզի հոգնած արևն ավելի հեշտ անցնի ճանապարհի մնացորդը։

Քաղաքում զարթնում է երեկոյան աղմուկը։ Զորանոցների կողմից լսվում է գիշերահավաքի փողի ձայնը... Բոլորովին մոտիկ մի դարպաս կողպում են։ Իսկ «ռուսաց ժամի» ոսկեփայլ գմբեթն ու խաչը դեռ լողում են արևի հորիզոնական շողերի ալիքների մեջ։

Քարափի վրայով լայն ճանապարհ է, որ գալիս է հեռվի այգիներից, անտառից, մեր գյուղի ցրված հանդերից։ Գյուղի ճանապարհն է, որ թեև քաղաքի փեշով է անցնում, բայց դարձյալ չի տարբերվում գյուղի մյուս ճանապարհներից, նույն խոչն ու խութը, նույն քարերը, տաք փոշին, ջարդված հասկեր, չորացած խոտ, անասունների թրիք։ Նույնիսկ գետինը գյուղի հոտն ունի։