Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/489

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այդ ճանապարհը միայն մեր գյուղինն է։ Առաջ, երբ քաղաքը չկար, երբ քարափի կարաններում ապրում էր գանգուր մազերով լիսեմնը, մեր ճանապարհը հեշտ էր, կարճ և անցնում էր այնտեղով, ուր քաղաքի բուլվարն է և «ռուսի ժամը»։ Տարեցտարի ճանապարհը հետ էր քցվում, և եթե մի քիչ էլ քաղաքը հրեր, գյուղի ճանապարհը պետք է ընկներ հեղեղատի ձորով։

Ամառվա երեկոները սպիտակ շորերով աղջիկներ ու տղաներ գալիս են, քարափի վրա նստոտում։ Նրանք նվագում են մանդալին, գիտար, նրանք երգում են ռուսերեն, ապա բարձր ծիծաղում են, և ձորի քարանձավներում նրանց առույգ ծիծաղն արձագանք է տալիս ահավոր կերպ, ասես ձորը քրքջում է նրանց հիմարության հանդեպ։

Ելնում են աստղերը։ Երեկոյան դեմ նրանք դեռ աղոտ են, բայց շարժվում են, կարծես տիեզերքի անհուն խորքերից նրանք մոտենում են մեզ, ինչքան մթնում է՝ այնքան ավելի մոտ են աստղերը, այնքան ավելի շողշողում են մեկը դեղին, մյուսը սպիտակ, երրորդը կապույտ փայլով։


* * *

Անդոն պառկել է կողքի վրա։

Նրա դեմքը փոխվել է, կոշտացել է, շրթունքները հաստացել են, վերին շրթունքի վրա դեղին աղվամազը փայլում է, ինչպես նոր ծլած սիզխոտը։ Աչքերն են առաջվանը՝ սև, ժիր, անհանգիստ։ Նա պոկոտում է խոտը, թափում։ Այդ նրան ձանձրացնում է, աչքն ընկնում է ծղնոտի փշրանքին, ծղնոտը մոտեցնում է շրթունքին։ Հանկարծ լսվում է աղջկա առողջ ծիծաղ՝ բարձր, զրնգան։ Այդպես ծիծաղում է կինը՝ երբ առողջ է կուրծքը։

Ես գլուխս դարձնում եմ այն կողմը։

— Ճանաչեցի՞ր,— հարցնում է Անդոն։ — Մաշոն է...— ինքն իրեն պատասխանում է Անդոն և ծամծմում է ծղնոտի կտորը։